Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղը կայացավ Վանաձորում, որտեղ տեղի «Ցալկուտը» 9:3 հաշվով պարտության մատնեց «Գյումրիին»:

Վանաձորցիների կազմում 3-ական գոլերի հեղինակներ դարձան Սամվել Սարգսյանը եւ Արարատ Մանվելյանը: «Ցալկուտը» ներկայիս առաջնության ֆավորիտներից մեկն է եւ այս խաղում նույնպես ուներ բացահայտ առավելություն, ինչն էլ արտացոլվեց հաշվի մեջ:

Հայաստանի գործող չեմպիոն «Թալ Գրիգը» «Հրազդան» մարզադահլիճում հյուրընկալվելիս 11:4 հաշվով հաղթեց «Ամիկին»: Չնայած տպավորիչ հաղթանակին, «Թալ Գրիգը» նախորդ տարվա համեմատ զգալիորեն նահանջ է ապրել, քանի որ թիմի առանցքային ֆուտբոլիստների մի քանիսը հեռացել են:

Մասնավորապես թիմի ռմբարկու Արմեն Գուլամբարյանը հանդես է գալիս «Ադանայում», որը այս տուրում 9:5 հաշվով հաղթեց «Պոլիտեխնիկին», իսկ Գուլամբարյանը դարձավ 2 գոլի հեղինակ: