Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱ ԿՄԵԿՆԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Սպորտ

Մարտի 21-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գերմանական Ալհեն քաղաքում ստուգողական հանդիպում կանցկացնի այդ երկրի երիտասարդական հավաքականի հետ: Կիպրոսի միջազգային մրցաշարում կրած անհաջողություններից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը որոշել է երիտասարդացնել ազգային թիմի կազմը մի շարք նոր ֆուտբոլիստների է հրավիրել հավաքին մասնակցելու համար:

Փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկու փոխարեն հավաքական է հրավիրել «Փյունիկի» 2-րդ դարպասապահ Էդգար Գասպարյանը, ինչպես նաեւ Գեւորգ Կասպարովը եւ Արման Համբարձումյանը: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հավաքական են հրավիրվել «Բանանցի» կիսապաշտպան Ռոմեո Ջենեբյանը, ղազախական «Եսիլ Բոգոտիրում» հանդես եկող Դավիթ Գրիգորյանը եւ Ռումինիայում գտնվող Արման Քարամյանը:

Առաջին անգամ գլխավոր թիմ են հրավիրվել Սուրեն Սարգսյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը: Մարտի 21-ը ՖԻՖԱ-ի կողմից պաշտոնական ընկերական հանդիպումների օր չէ, ուստի հավաքականում հանդես եկող լեգիոներներից ոմանք չեն էլ հրավիրվել, իսկ հրավիրվածների մի մասը դժվար թե կարողանա մեկնել Գերմանիա, ուստի նորեկների համար լավ հնարավորություն է ընձեռնվել իրենց դրսեւորելու համար:

Ընտրական հանդիպումներին նախապատրաստվում են նաեւ Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականները:

Մարտի 1-10-ը Արարատի «Այգ» մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը` հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանի գլխավորությամբ: Այս հավաքին նախորդել էր ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը,որի շրջանակներում նախատեսված են նաեւ ստուգողական հանդիպումներ:

Մինչեւ մարտի 15-ը նույն մարզաբազայում ուսումնամարզական հավաք կանցկացնի նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը` հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ ընթացքում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը կմասնակցի նաեւ այսօր մեկնարկած Հունան Ավետիսյանի անվան մրցաշարին: