Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՎՔԵ՞Ր ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Մոտ մեկ ամսից կմեկնարկի 2006թ. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը, սակայն ավանդույթի համաձայն դեռ հայտնի չէ թե քանի թիմ է մասնակցելու կամ որ թիմերն են մասնակցելու առաջնությանը:

Ընթացիկ առաջնությանն ինչպես հարկն է նախապատրաստվում են «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Արարատը», «Գանձասարը» եւ «Կիլիկիան»: Առաջին չորսը նույնիսկ ուսումնամարզական հավաքներ են անցկացրել եւ անցկացնում արտասահմանում: Մնացած թիմերը` մի կերպ գոյատեւելով, անորոշ վիճակում են: Վիճակը փոքր ինչ բարվոք է դարձել «Դինամո- Զենիթում», որն արդեն պատրաստ է հանդես գալ առաջնությանը եւ վճարել է սահմանված մուտքավճարը:

Անցած տարվա առաջնության հայտնությունը դարձած «Էսթեղլալ Կոտայքը» կայուն հովանավոր ուներ հանձինս իրանական «Էսթեղլալ» ակումբի սեփականատերերի, սակայն այս տարի «Կոտայքն» էլ է հայտնվել անմխիթար վիճակում եւ հայտնի չէ, թե արդյո՞ք իրանցիները կշարունակեն պահել ակումբը:

Իր առջեւ բարձր արդյունքներ դրած «Երեւան Յունայթեդը» 2005թ. հանդես գալով առաջին խմբում չկարողացավ նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր, սակայն ակումբի ավստրալահայ հովանավոր Տիգրան Հովիվյանի խնդրանքով ՀՖՖ-ն համաձայնեց «Յունայթեդին» թույլատրել հանդես գալ այս տարվա առաջնությունում: ՀՖՖ-ի ղեկավարները նման որոշում կայացրեցին, քանի որ համոզված էին, որ Տիգրան Հովիվյանը կկարողանա լուրջ ներդրումներ կատարել թիմում: Սակայն մինչ այժմ այս թիմը չի մարզվում, չունի գլխավոր մարզիչ, իսկ Տիգրան Հովիվյանից որեւէ տեղեկություն չկա: Ի դեպ, սա 2-րդ դեպքն է, երբ թիմի սեփականատերը անհետ կորում է` թիմին թողելով անհույս վիճակում:

Շարունակում է ֆինանսական ճգնաժամում գտնվել Գյումրիի «Շիրակը», որը անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է: Այս թիմի պատրաստած կադրերից շատերը Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ են եղել, սակայն այսօր «Շիրակը» ոչ մի ֆինանսական հնարավորություն չունի առաջնությունում հանդես գալու համար: Արդեն 2 տարի է գյումրեցիները հանդես են գալիս երիտասարդ ֆուտբոլիստներով կազմված թիմով եւ առաջնությունում զբաղեցնում են վերջին հորիզոնականները:

Անհույս վիճակում է նաեւ «Լեռնագործ Արարատը», որը նույնպես վերջին ժամանակներս հանդես էր գալիս երիտասարդ կադրերով եւ պարտվում էր գրեթե բոլոր հանդիպումներում: Մի խոսքով, ակումբային ֆուտբոլում ճգնաժամը ոչ միայն շարունակվում է այլեւ ավելի խորանում:

Ի դեպ, Հայաստանի առաջնությունը նախատեսված էր անցկացնել վերը նշված 11 թիմերի մասնակցությամբ, սակայն դա ամենայն հավանականությամբ չի կայանա: Փոխարենը հավանական է, որ բարձրագույն խմբում հայտնվի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ֆուտբոլային թիմը՝ ՖԻՄԱ-ն, որը վերանվանվել է դառնալով՝ «Հայ արիներ»: