Բնակչության վիճակը վատանում է, աղքատության ցուցանիշը՝ բարելավվում (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում շարունակեց քննարկել «ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ երեկ երեկոյան, երբ դահլիճում մնացել էր ընդամենը ինը պատգամավոր, նախագահողն էլ միասին՝ տասը, քննարկվում էր այս կարեւոր նախագիծը. «Քննարկման ընթացքում ինձ համար բացահայտում եղավ, որ աղքատությունը ՀՀ-ում հարաբերական հասկացողություն է: Պարոն Մնացականյան, ես շատ հարգում եմ ձեր անձը, սակայն երբ աղքատությունը չափում ենք Վաշինգտոնից ժամանած մեր գործընկերների չափանիշներով, մենք հարուստ երկիր ենք, սակայն իրականում հայաստանյան գործիքներով պետք է այն չափել»: Ըստ նրա՝ Էնշտեյնի հարաբերականության տեսությունը ոչ մեկը կասկածի տակ դեռ չի առել. «Սակայն մեկ գործիքով պետք է չափել աղքատությունը՝ հայաստանյան առկա գործիքով: Եթե այդ տեսանկյունից ենք անդրադառնում Էնշտեյնին, հասկանում ենք, որ բնակչության վիճակը գնալով վատանում է, մինչդեռ աղքատության ցուցանիշը գնալով բարելավվում է: Ռեալ իրականության հետ պետք է հաշվի նստենք: Մենք պետք է անենք ռեալ, այլ ոչ թե իլյուզիվ քայլեր: Սա քաղաքական ամբիոն է, որտեղ կոնկրետ պատասխաններ ենք պահանջում, այլ ոչ թե տնային տնտեսությունների օրագրերին հղումներ արեք»: