Հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին և բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները: Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին