Սարգսյանն ինչո՞վ է Լուկաշենկոյից պակաս (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համեմատականներ է անցկացնում ԵՏՄ անդամ պետությունների նախագահների, Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի միջև. «Սերժ Սարգսյանը ինչով է վատ Իլհամ Ալիևից, որ Իլհամ Ալիևը կարող է ցմահ նախագահի, իսկ Սերժ Սարգսյանը չի կարող Հայաստանը ցմահ ղեկավարի, կամ Նորսուլթան Նազարբաևից ինչով վատ տղա է կամ ասենք Լուկաշենկոյից, Պուտինից: Բա մենք ԵՏՄ- ենք մտել չէ, անպայման պետք է ԵՏՄ ստանդարտներին համապատասխանենք, պարտադիր»: Պարոն Մարտիրոսյանը համոզված է՝ սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակն է հետապնդում: Առաջարկվող նոր Սահմանադրության և դեկտեմբերի 6-ին սպասվող հանրաքվեի վերաբերյալ այսօրվա քննարկման ժամանակ պարոն Մարտիրոսյանը փոփոխություններին ի սկզբանե վճռական «Այո» ասող ՀՅԴ-ին ասում է. «Ինչպես Դաշնակցությունն է ասում, եթե տեսնենք, որ ընտրական օրենսգրքից դուրս պրոցեսներ են տեղի ունենում, մենք խրոխտ ոտքի կկանգնենք՝ պայքարելու, բայց այսօր արդեն իսկ այդ կեղծիքները մեծ ծավալով գնում են ու Դաշնակցությունը, ցավոք սրտի, ոտքի չի կանգնում: Երևի Դաշնակցությունը չգիտի, որ ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործվում է , Դաշնակցությունը երևի չգիտի, որ կրթական ողջ համակարգը՝ մանկապարտեզներից սկսած վերջացրած բուհերով, ամբողջ ծավալով օգտագործվում է, նույնիսկ 2013թ-ի նախագահական ընտրություններում այսպիսի ծավալով չի օգտագործվել, ոնց որ այսօր: Դաշնակցությունը դրա մասին տեղյակ չէ, ցավոք սրտի»: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանն իր հերթին հիշեցնում է, որ խորհրդարանական համակարգին անցում կատարելու վերաբերյալ Դաշնակցության «Այո»-ն արձանագրված էր դեռևս այն ժամանակ , երբ Հայաստանում որևէ քաղաքական ուժ, բացի Կոմունիստական կուսակցությունից, կողմ չէր դրան: Ըստ այդմ՝ դաշնակցության ներկայացուցիչը պնդում է ՝ իրենց հասցեագրված մեղադրանքները անհիմն են: «Մեղադրանքներ են հնչում, որ ինչ-ինչ պատճառներով դաշնակցությունը «Այո» է ասում՝ հետևելով ինչ-որ մեկին, ինչ-որ քաղաքական ուժի: Վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր քաղաքական ուժերը անցնող 25 տարիների ընթացքում փոխել են իրենց գաղափարական մոտեցումները՝ Հայաստանում համակարգի գործունեության հարցի վերաբերյալ, բացի դաշնակցությունից»,-շեշտեց պարոն Եսայանը: Դաշնակցության ներկայացուցիչը թվարկեց մի շարք հանգամանքներ, որոնք իրենց համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություներից հետո իշխանության երեք ճյուղերում կապահովեն դրական արդյունքներ: Իսկ երկրի զարգացմանը դեմ արտահայտվողներին՝ Բագրատ Եսայանը առաջարկում է լուրջ փաստարկներով հիմնավորել իրենց «Ոչ»-ը: Առաջարկվող նախագիծը չի համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի պատկերացումներին: Թեև նա կողմ է կառավարման այդ մոդելին, սակայն ասում է «Ոչ» սահմանադրական փոփոխություններին՝ հաշվի առնելով տարբեր գործոններ: «Երկու ասպեկտ, որի պատճառով ձևավորվել է իմ «Ոչ»-ը՝ դա մնում է իշխանության ճյուղերի տարանջատման բացակայությունը և անկախ դատական իշխանություն ունենալու հեռանկարը»,-նշեց պարոն Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: