Ճաշկերույթ Փարիզում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի պատվին
Նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Իդալգոյի հովանու ներքո ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացրեց Հեռախոսամարաթոն 2015-ի բացման ճաշկերույթը:
Երեկոյին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոն, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպաններ, պատգամավորներ, քաղաքագետներ, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, բարերարներ:
Փարիզի քաղաքապետի հրավերով անցկացված այս ընթրիքը մեծ պատիվ է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ նրա բազմահազար նվիրատուների համար: Եվրոպայում հետզհետե տարածվում է այն հասկացությունը, որ Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության առաջապահ դիրքեր ունեն, եւ պետք է զորավիգ լինել նրանց՚,-նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Նոյեմբերի 18-ից 22-ը կկայանա համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Անն Իդալգոն եւ Պատրիկ Դեւեջյանը: Դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի եւ Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը: