«Ընդունում են, որ սխալ են արել, հիմա էլ ասում են՝ եկեք ուրիշ բան փորձենք» (տեսանյութ)
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները այսօր «Ոչ» քարոզողներին հայտարարեցին, որ ոչ մի խնդիր չունեն, ինչին ի պատասխան Ազատ Արշակյանն ասաց. «Դե դրախտում էք, էլի, սահմանադրություն ինչի՞ եք փոխում»: Ազատ Արշակյանը հիշեցնում է մեղրեցիներին, որ նրանք չունեն գազաֆիկացում, այնինչ Իրանից եկող գազի խողովակները հենց Մեղրիով են անցնում: Այս խոսակցությանը միջամտեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ հիշեցրեց. «Հայաստանը բարեբախտաբար թե դժբախտաբար, ԱՄՆ-ից ու Ռուսաստանից շատ է գազաֆիկացված»: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ մեղրեցիներին հորդորում էր անկախ դատավորներ ու ԿԸՀ ունենալու համար «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին. «Հիմա այս բոլորին մի հոգի է նշանակում ու հեռացնում, եթե ես մեկին ընդունում ու հանում եմ, ուրեմն ես ինչ ուզեմ՝ ինքը կանի, իսկ հիմա այդպես չի լինի, կընտրեն բոլորին ԱԺ անդամները, որտեղ կլինեն եւ ընդդիմադիրները եւ իշխանականները»: «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Թամարա Գեւորգյանը իր զարմանքը կիսում է մեղրեցիների հետ. «Փաստորեն, ընդունում են, որ սխալ են արել այսքան ժամանակ, հիմա էլ եկել ասում են եկեք ուրիշ բան փորձենք, տենանք ո՞նց կլինի»: Ի դեպ, Ազատ Արշակյանը ասում է, որ մարդիկ իրենք առանց տեսախցիկի առկայության ասում են, որ ոչ են քվեարկելու, բայց երբ մոտենում են տեսախցիկներին, ասում են, որ դեռ կմտածեն: