Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատախազները, քննիչները էլ ավելի վատ են գիշերները քնելու». Տ. Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar000012

Առանց այն էլ բարձր սոցիալական խավին պատկանող դատախազները, քննիչները էլ ավելի վատ են գիշերները քնելու, քանի որ մեկ միլիոնից ավելի աղքատություն ունեցող երկրում ոչ համահարթեցմամբ, ոչ էլ այլ տրամաբանությամբ հնարավոր չէ հիմնավորել 311 միլիոն դրամի տրամադրումը՝ աշխատավարձերի բարձրացման համար: «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով Կառավարության այն նախագծին, որով պետք են օրենսդրական փոփոխություններ որոշ դատախազների աշխատավարձերի բարձրացման համար: Այս նպատակով 311 միլիոն դրամի հատկացումը կլինի 2016թ. պետական բյուջեից: Նախագծի կողմնակիցները պնդում են, որ դրանով կլուծվեն մի շարք օրենքների անհարթություններ: Պարոն Ուրիխանյանը կոնկրետ առաջարկ է անում՝ այդ գումարը կարելի էր ուղղել որեւէ ձեռնարկատիրական գործունեության՝ դրանով ապահովելով աշխատատեղեր. «Նման, մեղմ ասած, համեստ բյուջե բերելիս, պետությունը առաջին հերթին պետք է մտածի բոլոր հնարավոր տեղերում տնտեսում անելու մասին: Այս պարագայում 311 միլիոնով բարձրացնել դատախազների աշխատավարձը, իբրեւ ի՞նչ. ո՞ր համահարթեցման տրամաբանության մեջ է սա տեղավորվելու, ես չեմ հասկանում»: Արդյոք բարձրացնելով դատախազների աշխատավարձերը՝ հնարավո՞ր է բարձրացնել նաեւ արդարադատության մակարդակն ու նրանց արդյունավետությունը, պարոն Ուրիխանյանը թերահավատորեն է վերաբերվում. «Միայն ազնվության մակարադակը բարձրացնելով հնարավոր կլինի ապահովել արդարադատության մակարդակ: Ես չեմ հավատում, որ մեր երկրում առկա պետական կառավարման, արդարադատության համակարգերում տիրող պայմաններում աշխատավարձի որեւէ բարձրացում կլուծի արդարադատության մեջ առկա խնդիրները՝ իրավահավասարության, օրենքի բացարձակ կիրառելիության, մարդկանց, վեճերի նկատմամբ հավասար, անաչառ մոտեցման խնդիրները: Ես չեմ հավատում, կներեք. դրա մասին հնարավոր կլինի խոսել, եթե աղքատ մարդիկ երկրում չեն լինեն»: Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ գալիք ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները կհիշեն բոլոր նրանց, որոնք համահարթեցնում են առանց այն էլ լավ ապրողների աշխատավարձերը, ովքեր վատնում են ժողովրդի առանց այն էլ ծակ գրպանից գոյացող պետական միջոցները, վատնում են արարողակարգային ծախսերի վրա: