Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Արգիշտի Կիվիրյանին դատում են վրան տեղադրելու համար, բայց վրան չի եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
lusine-sahakyan

«Armenia Today»  կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի  2013 թ օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված գործը դեռ դատական ատյաններում է:  Թեեւ սպասվում էր, որ վարչական վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի որոշումը, սակայն նպատակահարմար գտավ վերսկսել գործի վարույթը: Ի դեպ, դատավոր Աշոտ Աբովյանը թույլ չտվեց դատական նիստը տեսանկարահանել: Հիշեցնենք, որ ստորադաս  դատարանը Արգիշտի Կիվիրյանին տուգանել էր  50.000 դրամով՝ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: «Խնդիրը ոչ 50. 000 դրամն է եւ ոչ էլ գումարն է, պայքարը նրանում է, որ թույլ չենք տալու, որպեսզի  որեւէ կերպ խախտեն Արգիշտի Կիվիրյանի իրավունքները եւ ցանկացած անձ ում իրավունքները խախտվում են, կարծում եմ մինչեւ վերջ պետք է պայքարի»,- «Ա1+»-ին ասաց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը: Նրա խոսքերով՝  ոստիկանության ներկայացուցիչը դատարանում համոզված պնդել է, որ Արգիշտի Կիվիրյանը փորձել է վրանի ձողերը ամրացնել, սակայն դատարանում իրեղեն ապացույցը հետազոտելիս ձողեր չեն եղել: «Դա ընդհանրապես վրան էլ չէ, կտոր է առանց ձողերի»: Փաստաբանը նշում է, որ  ներպետական ատյաններում խնդիրը լուծում չի ստանում, իսկ եթե ստանում էլ է, դրանք լինում են ձեւական: «Սա է պատճառը, որ մենք  ցանկանում ենք դիմել Եվրոպական դատարան, որպեսզի Եվրոպական դատարանի որոշումից հետո գոնե  այս խախտումները երկրում դադարեցվեն: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր հավաքի ժամանակ ոստիկանությունը ազատ է գործելու, խախտումներ է  թույլ տալու եւ պատասխանատվության չի ենթարկվելու»,- եզրափակեց Լուսինե Սահակյանը: Գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 27-ին: