Եթե Սուրիկ Խաչատրյանը դեմոկրատ է (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր համայնքների խոշորացման մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ կան համայնքներ, որոնք խոշորացման արդյունքում կոչնչացնեն ՏԻՄ ինստիտուտը. «Դուք միացնում եք համայնքները, որը չի կարելի: Ես իսկապես խոշորացման կողմնակիցն եմ, սակայն իմ արգումենտը հիմա հետեւյալն է, որ պիլոտային այս ծրագրում ներառված գյուղերում մարդկային ու ֆինանսական ռեսուրս չի մնացել, այդ պատճառով չի կարելի գնալ այդ քայլին: Գյուղացիք մեղավոր չեն պետության ֆինանսական սղության համար, բյուջեն է մեղավոր: Խոշորացման այս ծրագրում ներառված չորս գյուղերից մեկում առաջին դասարան չկա»: Արամ Մանուկյանը կոչ է անում պիլոտային այս ծրագիրը իրականացնել միայն մեկ Սյունիքում, ապա ուսումնասիրությունները շարունակել մյուս մարզերում. «Երեկ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Սյունիքում տեղի ունեցած ընտրությունները դեմոկրատական էին: Դե եթե Սյունիքի քվեարկության արդյունքները դեմոկրատիա են համարում, իսկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ դեմոկրատ, ես ոչինչ չունեմ ասելու: Օրինակ՝ Թումանյանի շրջանի համայնքներում մշակույթն ու ավանդույթներն են տարբեր, իրար չեն սիրում, ո՞նց եք դուք իրենց միացնում»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեմ է այսօր քննարկել նման նախագիծ, երբ երկիրը կանգնած է կարեւորագույն փոփոխությունների՝ սահմանադրական փոփոխությունների առաջ: «Բաժանիր, որ տիրես».Էդմոն Մարուքյան ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում, անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նշեց. «Որտեղ շատ մարդ, այնքան շատ փող, որտեղ քիչ մարդ, այնտեղ քիչ փող ու այդ համայնքները մեռնում են: Ես սեմինարներ եմ անցկացրել համայնքներում ու այստեղ միշտ դեմ են եղել խոշորացմանը: Մինչդեռ երբ բացատրում էինք նրանց, նրանք հասկանում են, որ դա լավ բան է: Ես զարմանում եմ, որ ԱԺ-ում եղան մարդիկ, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը ու հիմա քննադատում են այն»: Ըստ նրա, կա մի սկզբունք՝ բաժանիր, որ տիրես. «Ինը հարյուրից ավելի համայնք ենք ստեղծել ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ անհնարին է, որ այդ համայնքները համաչափ զարգանան ու իրենց բյուջեով կարողանան մի հարց լուծել, ասենք՝ մի ջրագիծ անցկացնեն: Խոշորացման ծրագիրը լավն է, սակայն իրականացման ընթացակարգը քննադատում եմ»: Պարոն Մարուքյանը քննադատեց պիլոտային այս ծրագրում ներառված Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում անցկացված հանրաքվեները. «Կարծում եմ, որ այլեւս նման հանրաքվե չեք անցկացնի, քանի որ դա եւս մեկ անգամ անվստահություն է արմատավորել մարդկանց մեջ ընտրական համակարգի նկատմամբ: Նրանք ասում են՝ քվեարկել ենք «ոչ» ու էլի հաշվի չեն առել մեր ձայնը: Ուղղակի նրանց պետք է բացատրել, որ այդ հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն: Ես կարծում եմ՝ դրա փոխարեն կարելի էր ընդամենը հարցում անցկացնել, այլ ոչ թե հանրաքվե»: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու այս նախագծին: