Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսվարողին չի կարելի այսպես անխիղճ վերաբերվել»

Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ում այսօր «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարարի տեղակալ վախթանգ Միրումյանին, նշեց. «Բիզնեսը սիրում է հարկային դաշտի կայունություն եւ որքան արագ ես փոփոխում այն, այնքան տնտեսվարողը չհավատացող ու շփոթված է դառնում»: Պարոն Մանուկյանը նկատեց նաեւ՝ միայն մեկ տարվա ընթացքում «Շահութահարկի մասին» օրենքը երեք անգամ բերել են ԱԺ փոփոխելու, «Գույքահարկի մասին» օրենքը տասնվեց անգամ, «Հաստատագրված հարկերի մասին» օրենքը՝ քսանվեց անգամ, հիսուն անգամ «Հարկերի մասին» օրենքն է փոփոխվել, «ԱԱՀ մասին»-ը՝ յոթանասունչորս անգամ. «Մեկ տարվա ընթացքում 290 հարկային փոփոխություն է եղել ու ոչ մի տնտեսվարող չի կարող հասցնել դրանց հետեւից: Արդյունքում Վարչական դատարաններում կտրուկ ավելացել են գործերը, քանի որ հաշվապահները չեն հասցնում: Ինչո՞ւ է այսպես, մենք իրավիճակայի՞ն օրենսդրություն ենք իրականացնում, թե դա ռազմավարության մաս պետք է լինի: Լավ չէ՞ր լինի, եթե մեկ տարում շահութահարկի խնդիրները հավաքեք ու նոր միայն ԱԺ մտնեք՝ փոփոխելու: Տնտեսվարողի նկատմամբ չի կարելի այսպես անխիղճ վերաբերվել ու այսպես ցնցումների մեջ գցել»: Վախթանգ Միրումյանը համաձայնվեց Արամ Մանուկյանի հետ՝ նշելով. «Անվիճելի է այն, որ հարկային փոփոխությունները խարխլում են կանխատեսելիությունը: Մենք եւս կարծում ենք, որ պետք է կայուն հարկային միջավայր ստեղծել: Այո, հարկային ընկալման հետազոտություն կա, այն նույնպես վկայում է՝ հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում: Հիմա ունենք համակարգային ու արմատական փոփոխություն բերող նոր օրենսգրքի նախագիծ, որի հիմնական սկզբունքներն են կանխատեսելիությունն ու կայուն միջավայրը: Մենք կունենանք մի փաստաթուղթ, որ կծառայի երկարաժամկետ հատվածին»: Արամ Մանուկյանը խնդրեց նշել՝ հարկային ի՞նչ նոր սկզբունքներ ու քաղաքականություն է լինելու, ինչ գաղափար է ներդրվելու. «Օրինակ, ես՝ որպես ազատական կուսակցության ներկայացուցիչ,  մեր լոզունգն է՝ ցածր հարկեր, բոլորը պետք է լինեն հարկային դաշտում, ով խուսափում է հարկերից, բարձր տույժեր: Ի վերջո, փող դնողը պետք է իմանա՝ ինչ քաղաքականության հետ գործ ունի: Ձեր սկզբունքը ո՞րն է լինելու»: Վախթանգ Միրումյանը պատասխանեց՝ ասելով, այս պահին կդժվարանա նշել բոլոր սկզբունքները, սակայն մի քանիսն ասաց՝ ցածր հարկեր, հավասար մրցակցություն: