«Արդարադատություն ավելի հեշտ է իրականացնել հեղինակությունների ու գողականների միջոցով» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որով նախատեսվում է Աջափնյակ-Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքներում ավելացնել դատավորների թիվը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց՝ պետք է ուսումնասիրել հիմնավորումները. «Այդ դեպքում ակնհայտ է դառնում, որ Երեւանի այդ համայնքներում քրեական գործերի թիվը շատ մեծ է: Եթե մի դատավորի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 65 գործ, ապա այս համայնքների դատավորներինը, պարզվում է, շատ ավելին է: Պետք է համաչափություն ստեղծենք: Այժմ մենք ունենք 230-ից ավելի դատավոր՝ երկու միլիոն բնակչության համար, սակայն միաժամանակ ունենք դատարանների ծանրաբեռնվածությունը»: Ըստ նրա՝ ոստիկանությունը տարեցտարի ասում է, որ քրեական գործերով թիվը նվազում է. «Մինչդեռ, երբ նայում ենք դատավորների ծանրաբեռնվածությանը, տեսնում ենք, որ քրեական գործերի թիվն ավելանում է: Եթե սրան ավելացնենք նաեւ արտագաղթը, ապա կտեսնենք, որ արտագաղթում են քրեականորեն ակտիվ տարիքային խմբերը՝ 25 տարեկան եւ ավելի: Դա նշանակում է, որ համակարգը չի աշխատում, արդարադատություն չի իրականացվում. այն պատվերով է՝ ով վճարում է, նա հաղթում է: Այժմ արդարադատություն ավելի հեշտ է իրականացնել հեղինակությունների ու գողականների միջոցով, որոնք, թեեւ, իրենք էլ իրենց տոկոսներն են վերցնում, սակայն դա ավելի ձեռնտու է, քան դատարաններում չորս-հինգ ամիս սպասելը, որ վեճը լուծվի»: Պարոն Ջհանգիրյանի կարծիքով՝ խնդրի լուծումը անկախ դատական համակարգի ստեղծումն է, որը պետք է աշխատի. «Ցավոք, մենք այսօր ձեռնամուխ ենք եղել սահմանադրական փոխոխությունների ու միաժամանակ անտեսում ենք նույն Վենետիկի հանձնաժողովի այն հորդորը՝ քանի դեռ չունեք անկախ դատական համակարգ, չպետք է գնաք փոփոխությունների»: