«Խառնաշփոթ վիճակ եք ստեղծել, ու չգիտեք՝ դրա տակից ոնց եք դուրս գալու». Ա. Մանուկյան (տեսանյութ)
«Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեի անցկացմամբ կոպտորեն ոտնահարվում է միջազգային կառույցների առաջարկը՝ վարչական լծակների կիրառման առումով. «Դա վերաբերում է քարոզչության գործընթացներում մարզպետների, որպես շտաբի պետ, վարչապետի ներգրավմանը: Սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին, որոնցով ընտրություններից մեկ ամիս առաջ խաղի կանոնների փոփոխությունն անընդունելի է: Այն պետք է անել նվազագույնը վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Ինչո՞ւ չեք ուզում մի փոքր վստահություն ավելացնել ձեր օգտին, հնարավորություն է հիմա ձեզ տրված. դուք ոչինչ չեք ուզում անել այդ ուղղությամբ: Դուք բլեֆ եք անում, դուք ավելի խառնաշփոթ վիճակ եք ստեղծել, որ չգիտեք՝ դրա տակից ոնց եք դուրս գալու»: Նա նաեւ ընդգծեց, որ վերջին օրերին շատ է շրջել մարզերով ու չի գտել մի մարդու, որ կողմ լինի կամ կարդացած լինի սահմանադրական այս փոփոխությունները. «Դուք ձեր գործելաոճով նպաստում եք «ոչ»-ին ու կոնսենսուսը բացառապես «ոչ»-ի շուրջ է»: «Փաստորեն, գտնում եք, որ մենք նպաստում ենք երկրում ընդդիմության կայացմանը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, արձագանքելով Արամ Մանուկյանին, նշեց, որ դժվար է ասել, թե այստեղ գտնվող 131 պատգամավորից քանիսն են կարդացել սահմանադրական փոփոխությունները. «Ես իմ ենթադրությունները չեմ ուզում հրապարակել, քանի որ դրանք հոռետեսական կլինեն: Խնդիրը մեկն է, որ մենք քսանհինգ տարի շարունակ բախվել ենք ընտրակեղծարարության նույն խնդրի հետ: Միգուցե հիմա ընտրատուփ չեն գողանում, կամ միջազգային դիտորդին չեն առեւանգում, սակայն խնդիրը դեռ մնում է: Ինքս մեծ ջատագով չեմ մատների թանաքոտմանը, սակայն դա մի տարբերակ էր՝ փոքր- ինչ ավելացնելու վերահսկողությունը»: Նա նշեց, որ ԲՀԿ-ն կքննարկի դեռ առաջարկված այն տարբերակը, որ ընտրացուցակներում ավելացվի նույնականացման քարտերով քվեարկողների սյունակ, եւ ապա՝ կասեն իրենց մոտեցման մասին. «Մենք ունենք այնքան վստահելի, անկաշառ, պրոֆեսիոնալ, լիցենզավորում անցած մարդիկ, որոնք կարող են անել հնարավորը՝ ընտրություններին անօրինականությունները կանխելու համար: Դա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք եւս շրջել են մարզերում ու Արամ Մանուկյանի հետ համակարծիք չէ, թե մարդիկ «ոչ»-ի շուրջ են համախմբված. «Մարդիկ կարողանում են թացը չորից տարբերակել»: