Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պրովոկացիոն տեսքով մի խաղացեք».Գ. Սահակյանը՝ Լ. Զուրաբյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
galust-sahakyan

«Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց այն առաջարկները, որոնք ընդունվել են կամ մերժել: Նա նշեց, որ ընդունվել է այն առաջարկը, որ ընտրացուցակներում կլինի սյունակ, որտեղ կնշվեն այն մարդկանց անունները, որոնք կքվեարկեն նույնականացման քարտերով. «Ինչ վերաբերում է թանաքոտմանը, ապա այն հետադիմական երեւույթ է, եւ այն կիրառվում է, օրինակ, Աֆղանստանում, որտեղ անգրագիտությունը կազմում է յոթանասուն տոկոս: Առաջադիմական որեւէ երկրում չկա նման բան»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով նրան, նշեց՝ եթե մատների թանաքոտումը մի լուրջ գործընթաց է ենթադրում, իսկ էլեկտրոնային սարքավորումներ չկան նշումների համար, ապա ինչպե՞ս ենք նման անպատրաստ վիճակում անցկացնում սահմանադրական հանրաքվե, որը լեգիտիմության խնդիր է առաջացնում. «Ի՞նչն էր խանգարում իշխող կուսակցությանը՝ հետաձգել հանրաքվեն, մինչեւ ընտրական համակարգերը պատրաստ լինեին ու նորմալ անցկացնեին հանրաքվեն»: Թանաքոտման վերաբերյալ Լեւոն Զուրաբյանը արձագանքեց Հովհաննես Սահակյանի այն դիտարկմանը, թե այն հետադիմական ու հետամնաց երկրների պրակտիկան է. «Ձեզ մի հարց եմ ուզում տալ՝ դուք համեմատե՞լ եք, օրինակ, ՀՆԱ-ի կամ ազատության ցուցանիշները աֆրիկյան երկրների հետ: Դուք այդ դեպքում կտեսնեք, որ կան աֆրիկյան երկրներ, որոնք վաղուց ՀՀ-ին անցել են, որտեղ իշխանությունները փոխվում են ընտրությունների արդյունքում: Ու դրանից հետո դեռ կարծում եք ՀՀ-ն գտնվում է առաջատար երկրների շարքո՞ւմ»: Հովհաննես Սահակյանը համոզված հայտարարեց, որ ՀՀ-ն միանշանակ առաջադիմական է. «Ու ժողովրդավարական չափանիշներով բավականին առաջընթաց է ապահովել՝ ձեր իշխանությունը հանձնելուց հետո: Մեր երկրում ընտրությունները կազմակերպվում են բավականին գրագետ: Վայրագ այն գործելակերպը, որ կար ձեր ժամանակ, փորձել ենք վերացնել ու հասցնել այն մակարդակին, որ միջազգային փորձագետները սկսել են դրական գնահատել մեր ընտրությունները, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: Իհարկե, կան արջի ծառայություններ մատուցողներ, սակայն այդպիսի մարդիկ ոչ մեր, ոչ ձեր շարքերում տեղ չեն գտնում»: Այնուհետեւ Հովհաննես Սահակյանը Լեւոն Զուրաբյանին կոչ արեց ավելի լայն բացել աչքերն ու տեսնել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ. «Կկուն հոտն առնում է, իր բունն է փոխում. մի քիչ անաչառ եղեք: Դուք այս առումով չարաշահում եք ձեր ավանսով վստահությունը»: Լեւոն Զուրաբյանը միեւնույն հարցն ուղղեց նաեւ հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին ու կրկին կոնկրետ պատասխան չստացավ. «Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ՀՀԿ ներկայացուցիչները իմ պարզ հարցադրումներից խուսափում են. ես պարզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ չի հեռարձակվում հանրաքվեն, ինչո՞ւ այդ հարցը չեք ճշտում ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ու միասնական պատասխան տալիս»: «Բոլոր ընթացակարգերը պատրաստ են ու կանոնակարգված»,- եղավ Վահրամ Մկրտչյանի պատասխանը: Լեւոն Զուրաբյանին որոշեց արձագանքել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Երբ դուք հարցադրումն անում եք, ո՞ւմ հետ եք ճշտել: Նույնիսկ կարելի է «ոչ»-ի տրամաբանությամբ չկարդալ բարեփոխված Սահմանադրությունը, սակայն գործողը պետք է կարդալ, ինչպես նաեւ Ընտրական օրենսգիրքը: Այնպիսի հարց տվեք, որ անիմաստ չհամարվի, ու ՀՀԿ-ականները կարողանան պատասխանել: Եկեք պրովոկացիոն տեսքով մի խաղացեք ու սկսեք քննարկել տարամերժ կարծիքներով»: