Հրաժարվել են Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք նախագծից (տեսանյութ)
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագրի մասին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որեւէ բան ասել չի կարող, քանի որ ոչ մի տեղեկություն չունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախարարն՝ ավելացնելով, որ տեղյակ է, որ ծրագրեր իրականացվում են. «Կարող եմ միայն երաշխավորել, որ շենքի ճարտարապետության հետ կապված խնդիրներ չեն կարող լինել, շենքի դեֆորմացիա չի լինի: Սակայն դեռեւս որեւէ գործառույթ չունենք: Հենց ծրագիր լինի, կմասնակցեն հեղինակները ու կշարունակվեն քննարկումները»: 2016թ. պետական բյուջեի քննարկմանը նախարարը նշեց, որ եկող տարի էլ ավելի են ակտիվացնելու անավարտ շենքերն ավարտին հասցնելու գործընթացը: Երիտասարդական պալատի ճակատագրի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան Նարեկ Սարգսյանը նշեց, որ այդ հարցով եւս որեւէ նոր տեղեկություն չկա. «Շուտով ԱԺ ենք ներկայացնելու օրենք «Երեւանի կենտրոնի մասին», որտեղ խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի շինությունների համար: Սա միակ տարբերակն է, որ հնարավոր է այդ խնդիրը լուծել՝ երկու տարի անընդմեջ չի իրականացնում շինարարություն, խոշոր տուգանքներ ենք նախատեսում»: Նա նաեւ նշեց, որ Երիտասարդական պալատը, պարզվում է, մինչ օրս անգամ հաստատված պրոյեկտ չունի: Պարոն Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը չի կարող լինել, ինչպես ինքն ասաց, կառուցապատողի ադվոկատի դերում, քանի որ հակառակն է տրամադրված: Նրա խոսքերով՝ իրեն եւս մտահոգում է այն, որ պալատի տեղում ավազի հանք է ու շինարարական որեւէ աշխատանք չի իրականացվում. «Որպես ճարտարապետ՝ բավարարվածություն ունեմ այն պատճառով, որ չէի ուզենա ճապոնական այն նախագիծը, որ մրցույթում հաղթել է, դա իրագործվեր՝ օտար, երեւանի հետ որեւէ կապ չունեցող շինություն էր դա լինելու: Անհասկանալի, խոշոր մի բնակելի տուն էր դա լինելու՝ արված բոլորովին օտար լեզվով»: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ պատվիրատուն մրցույթից հետո չի էլ պատրաստվում իրագործել այն, հրաժարվել է: Արդյոք հասկացե՞լ է, որ որեւէ եկամուտ չի ունենալու, պարոն Սարգսյանը նշեց. «Հավանաբար»: Ինչ վերաբերում է երեւանի կրկեսի քանդմանն ու նորի կառուցմանը, ապա Նարեկ Սարգսյանը նշեց, որ անգամ նախատեսված չի եղել այն քանդել. «Իր շինարարության որակով ավելի մեծ ծախսեր էր պահանջելու ուժեղացնելու շինությունը, քան նույն բանը նորից կառուցելու: Շատ բարակ, անորակ երկաթբետոնե կոնստրուկցիաներ են: Տեխնոլոգիապես բարդ շինարարություն է՝ ժամանակակից տեխնոլոգիաներով է իրականացվում: Իմ տեղեկություններով՝ շինարարությունը պետք է ավարտվի 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին»: