Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետբյուջեի քննարկում` միայն ՀՀԿ պատգամավորներով

Քաղաքականություն
parliament-hhk

ԱԺ-ում այսօր Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց տնտեսական ոլորտի 2016թ. պետական բյուջեի ծախսերն ու եկամուտները: Ըստ ներկայացված տվյալների՝ էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների գծով նախատեսվում է հատկացնել 32,924.1 մլն դրամ` 2015 թ. 7,126.0 մլն դրամի դիմաց: Ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր: Տրանսպորտի եւ կապի ոլորտների գծով 2016թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 57,781.5 մլն դրամ` 2015 թ. 52,428.1 մլն դրամի դիմաց: Իսկ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար նախագծով նախատեսվում է հատկացնել 3,012.7 մլն դրամ` 2015 թ. պետական բյուջեով հաստատված 2,928.3 մլն դրամի դիմաց: Քաղաքաշինության ոլորտի գծով 2016 թ. նախատեսվում է 9,088.6 մլն դրամի ծախսեր` 2015 թ. համար հաստատված 11,079.7 մլն դրամի դիմաց: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր խոսքում ավելացրեց նաեւ, որ իրենց հիմնական նպատակներն են լինելու տարածքային համաչափ զարգացումը, սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերը, շինարարության ժամկետների շատ չձգձգումը՝ առավելագույնս երկուսից երեք տարի ժամկետ. «Մենք փորձ ենք անում օբյեկտներն ավարտել ժամկետների մեջ: Եթե այս տարի ավարտին հասցվել է օբյեկտների 49 տոկոսը, ապա եկող տարի արդեն նախատեսվում է 57 տոկոսը: Մենք պետք է այնպես անենք, որ նախարարությունը ազատվի պատվիրատու լինելու խնդրից՝ միայն քաղաքականություն մշակի ու հիմնական վերահսկողը լինի»: Այսօրվա քննարկմանը ոչ իշխանական խմբակցություններից միայն ՕԵԿ-ից մեկ պատգամավոր կար, իսկ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը քննարկման կեսից լքեց դահլիճը: Քննարկումը ընթանում էր միայն ՀՀԿ պատգամավորների շրջանում: Չկար բանավեճ, չկար կարծիքների բախում: Ի դեպ, ոլորտային նախարարներից ներկա էր միայն Քաղաքաշինության նախարարը, մյուսները ներկայացված էին փոխնախարարների մակարդակով: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները գործուղումների են եւ այդ պատճառով ներկա չեն քննարկմանը: