Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տասնամյակը կփակենք կես միլիոն արտագաղթով» (տեսանյութ)

Տնտեսություն
4ea6264742cfd63a1a0d8331fb1ab331

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ արդեն չորրորդ տարին է՝ ինքը մասնակցում է բյուջեի քննարկմանը ու ամեն անգամ լսում է միեւնույն ֆրազան՝ տնտեսության աճի ցածր տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ. «Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ յոթ տոկոսից սկսած միգրացիան վերանում է, աշխատուժը գերադասում է կիրառվել ՀՀ-ում: Եթե մինչ օրս գնացել է հիսուն հազար մարդ, այս տարի կարող է այդ թիվը հասնել հարյուր հազարի, իսկ տասնամյակը կփակենք կես միլիոն արտագաղթով: Անընդհատ ասում են, թե 1990-ականներին արտագաղթն ավելի մեծ տեմպերով էր, սակայն ուզում եմ հիշեցնել՝ արտագաղթողները 400-ից մի փոքր ավելի էին, որոնք այդպես էլ չհասցրին դառնալ ՀՀ քաղաքացի  եւ նրանք հիմնականում եկել էին Ադրբեջանից»: Նրան զարմացնում է այն հանգամանքը, որ 2016թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 2.2 տոկոս իրական աճ. «3.8 տոկոս աշխարհում տնտեսական աճ է: Աշխարհի համար սա չտեսնված ցուցանիշ է: ԱՄՆ-ում 3.2 տոկոս տնտեսական աճ է, Իրանում՝ 4.4 տոկոս, Թուրքիայում՝ 3.5 տոկոս, Ադրբեջանն ու Վրաստանը 3-ական տոկոս: ԵՄ-ն առաջին անգամ 17 տարվա մեջ 2.1 տոկոս տնտեսական աճ է նախանշել: ՌԴ-ում ասում են՝ եթե նավթի գինը կմնա 45 դոլար, ապա կունենան 0-0.5 տոկոս աճ: Մենք ինչի՞ հիման վրա ենք ասում, որ վատանալու է մեր վիճակը: Վերջին հաշվով ի՞նչ բան է տնտեսական աճը. այն վերաբերում է ներդրումներին: Ներդրումներ արա, որ տնտեսական աճ ունենաս: Աճեցրեք տնտեսությունը, ինչո՞ւ եք նման պարտվողական քաղաքականություն դնում բյուջեի հիմքում: Ստացվում է՝ միայն հիմարներն են, ինձ հետ միասին, մնում հանրապետությունում, միայն անճարներն են մնում: Ինչի՞ չենք աճում: 21 տոկոս ներդրում արեք: Աշխարհով մեկ փողը թափած է. ԱՄՆ-ում էլ, ԵՄ-ում էլ ձրի նստած փող են տպում»: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նկատեց, որ վիճակը ՀՀ համար է վատանում. «Եթե ՌԴ-ում ու ԵՄ-ում վիճակը վատ է, մեզ մոտ չի կարող լավ լինել: Բարձր տնտեսական աճ դնել նշանակում է շատ հարկեր հավաքել, սակայն այսօրվա ֆինանսական հոսքերի փխրունության պատճառով դա անհնարին է  ու պետք չէ. դա լրացուցիչ ռիսկ է»: Հրանտ Բագրատյանը կոչ արեց աճեցնել ՀՆԱ-ն, որ հարկեր լինեն. «Իհարկե, գերավճարները վտանգավոր են: Ախր մենք ճիշտ տրանսֆերտների մենեջմենթ չունենք, քանի որ ՌԴ անկման արդյունքում մենք միայն օգուտ պիտի ունենայինք: Պարտությունն ավելի գլոբալ է իշխող վարչախմբի համար. եթե ստեղծել եք մոնոպոլ տնտեսություն, դե կանչեք նրանց ու ամեն մեկի վզին այսքան հարկ դրեք: Պետությունը կանգնեցրել եք կատաստրոֆայի առաջ»: Պարոն Բագրատյանը նաեւ կոչ արեց անվերապահորեն չհավատալ միջազգային կառույցներին ու նրանց տված ցուցանիշներին. «Ինչ են ասում ԱՄՀ-ում, ասում են՝ ժպտացեք հայերին, բայց լավը մի կամեցեք ԱՄՀ-ին չեմ համարում մեզ միանշանակ բարեկամ. ես տեսնում եմ այդ սառը աչքերը, իմիջիայլոց: Դուք ինձ ԱՄՀ ցուցանիշներ մի վկայակոչեք: Իսկ ՀՀ-ում ԱՄՀ այսօրվա ներկայացուցիչը չափազանց ցածր մակարդակի տնտեսագիտական գիտելիքներ ունի»: «Դուք մեջբերեցիք ԱՄՀ թվերը, դրա համար էլ ես վկայակոչեցի»,- արձագանքեց Պավել Սաֆարյանը՝ ավելացնելով՝ սկզբում պետք է ներդրումների մասին մտածել, հետո միայն՝ տնտեսական աճի: