Թուրքիայում ուժեղացված ծառայություն է իրականացվում. ermenihaber
Թուրքիայում այսօր տեղի ունենած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության ու ժանդարմերիայի 385.000 աշխատակիցներ: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` ներքին գործերի նախարարության ցուցումով չեղյալ է հայտարարվել բոլոր տեսակի հանրային միջոցառումների ու ակցիաների թույլտվությունները: Փակ են եղել զվարճանքի վայրերը, իսկ ռեստորաններում արգելվել է ալկոհոլային խմիչքների մատուցումը: Նշվում է, որ քաղաքային վայրերում հսկողությունն իրականացվել է ոստիկանության, իսկ բնակավայրերից դուրս՝ ժանդարմերիայի կողմից: Ռիսկային հայտարարված շրջաններից քվեատուփերը տեղափոխվելու են զրահամեքենաներով և ուղղաթիռներով: Հաղորդվում է, որ մեծաքանակ ուղղաթիռներ, զրահամեքենաներ ու ոստիկանական հատուկ տեխնիկա է ուղարկվել հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններ: Մյուս կողմից էլ շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների մտահոգությունները քվեատուփերի անվտանգության և կատարվելիք ընտրակեղծիքների վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունների անհանգստությունը կիսող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ էլ ջանքեր են գործադրում ընտրակեղծիքները կանխելու ուղղությամբ: Վերոնշյալ թեմայով մեծ են հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մտահոգությունները, որի բազմաթիվ ներկայացուցիչներ են ձերբակալվել այս օրերին: ermenihaber Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին նախնական տվյալներով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ամենաշատ ձայներն է ստացել: Այս տեղեկությունը, հղում կատարելով թուրքական «TRT» հեռուստաընկերությանը, հաղորդել է «BBC»-ն: Նշվում է, որ ձայների մոտավորապես կեսն է հաշված: Իշխող կուսակցությունը ստացել է ձայների 53.2%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 20.7%: