«Քրդերը կանցնեն Թուրքիայի խորհրդարան»
Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները աննախադեպ են լինելու այդ երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ ավելացնելով. «Քրդական հարցը, ներքաղաքական խնդիրներն են քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառները: Ընտրությունները մեծ հույս չեն ներշնչում, ու կարծես թե նախորդ ընտրությունների պատկերը կրկնվելու է այս դեպքում»: Նա առանձին-առանձին անդրադարձավ բոլոր կուսակցություններին, որոնք ակտիվություն են ցուցաբերել ընտրապայքարում: Ըստ թուրքագետի՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սկսել է ավելացնել իր ձայները երկու-երեք տոկոսով, սակայն դա բավարար չի լինի նրան՝ միակուսակցական կառավարություն կազմելու համար. «Արդյունքում նա ստիպված պիտի լինի գնալ կոալիցիաների»: Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունն ամենահետաքրքիր պատկերն է ձեւավորում. «Այն ձայների կորուստ է ունեցել, որը ձեռնտու է քրդամետ ուժերին, որոնք ուզում են ստանալ այս կուսակցության ձայները: Արդյունքում, «Քրդական» կուսակցությունը կարող է ավելացնել իր ձայները: Եվ ես կարծում եմ, որ քրդերն, այնուամենայնիվ, կացնեն խորհրդարան»: «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունը եթե նախորդ անգամ չորրորդն էր, հիմա կարող է լինել երրորդը. «Բավական ինտրիգային ընտրություններ են սպասվում: Ընդհանուր պատկերը վերլուծելով, հաշվի առնելով բոլոր նրբությունները՝ ընտրությունները բերելու են ճգնաժամի, քանի որ բերելու է կոալիցիոն կառավարություն: Դրանից խուսափելու համար «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ամեն ինչ պետք է անի, որ քրդական այս կուսակցությունը չանցնի խորհրդարան. Էրդողանն ամեն ինչ անում է, որ ձայների աճ չլինի նրանց մոտ, որի արդյունքում քրդական հարցի սրացում չլինի: Իսկ դա նա կանի պետության անմիջական միջամտությամբ՝ բռնությամբ ու պայթունավտանգ իրավիճակներով»: Նրա կարծիքով՝ իրավիճակը որքան էլ էրդողանի դեմ դասավորվի, միեւնույնն է՝ հասարակական հարցումների հիման վրա՝ նրա ձայների քանակն անգամ աճ է ունեցել, որը պայմանավորված է «Ազգայնական շարժում» կուսակցության ձայների կորստի հետ: Թուրքերը նաեւ հասկանում են, որ միակուսակցական համակարգը կարող է կայունություն բերել»: Արդյոք այս ընտրությունները կարո՞ղ են որոշակի փոփոխությունների բերել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ՀՀ հետ հարաբերությունների առումով, «Ա1+»-ի հարցին ի պատասխան Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ընտրազանգվածը նույնն է լինելու, թուրքական ուժերի վերաբերմունքը՝ նույնը՝ ոչ հայանպաստ. «Միայն «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն է, որ ունի համեմատաբար լավ վերաբերմունք հայերի ու ՀՀ նկատմամբ, քանի որ կուսակցությունում շատ են նաեւ հայերը: Նրանք բազմիցս բարձրաձայնել են, որ պատրաստ են քննարկել Հայկական հարցը եւ առերեսվել պատմության հետ: Այն ազգային ու կրոնական փոքրամասնությունների հիման վրա ստեղծված կուսակցություն է, որտեղ կան նաեւ հայեր: Կուսակցությունն ունի ամենաազատական մոտեցումները Թուրքիայում, սակայն չունի բավարար ռեսուրս»: