Սուրիկ Խաչատրյանը՝ «Այո»-ի ինտելեկտուալ քարոզիչ (տեսանյութ)
«Այո»-ի շտաբի կազմը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի համար հիմք չէ, որ հանրաքվեն անպայման կեղծվելու է. «Էն, ինչ որ ասվում է, դրա վերաբերյալ չեն ներկայացվում թեկուզ վատ կազմված, արձանագրված փաստեր»: Պարոն Մուկուչյանը վարչական ռեսուրսի կիրառման մասին այլ պատկերացում ունի. «Վարչական ռեսուրսը առկա լիազորություններն ինչ-որ բանի համար ծառայեցնել եւ այլն»: Ո՞ր պաշտոններն են, որոնց ազդեցությունն ընտրողների վրա կարող է համարվել վարչական ռեսուրսի կիրառում: Պարոն Մուկուչյանն ասում է՝ խնդիրը պաշտոնը չէ, այլ պաշտոնի չարաշահումը. «Վարչական ռեսուրսի օգտագործում է, եթե, օրինակ, ասենք, կա ինչ-որ պաշտոնեական կախվածություն, այդ դիրքն օգտագործելով պարտավորեցվում է որեւէ եղանակով մարդուն կատարել այս կամ այն գործողությունը: Այսինքն, գործողությունը պետք է գնահատման առարկա դառնա եւ ոչ թե սոսկ պաշտոնը ինքնին վերցրած»: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինքնին վարչական ռեսուրս չէ՞ իր անձով, չէ՞ որ նա «Այո»-ի ինտելեկտուալ քարոզիչ չէ։ -Հիմա նույն պատգամավորը, որը ամբիոնից Ազգային Ժողովի նիստերի ժամանակ խոսում է եւ հորդորում «Այո» կամ «Ոչ» քվեարկել: Դա ամբիոնի օգտագործում չէ՞: -Չէ: -Ինչու՞: -Որովհետեւ սա քաղաքական ամբիոն է: Ներողություն եմ խնդրում, դա նաեւ լիազորությունների իրականացում է: Գուցե Հանրաքվեի մասին օրենքը փոխվի, որպեսզի պետական պաշտոնյաները առանց հրաժարական տալու չզբաղվեն «Այո»-ի քարոզչությամբ: Պարոն Մուկուչյանն ասում է՝ օրենք փոխելն իր գործը չէ. «Մենք դա գործադրող մարմին ենք»: Ի դեպ, Տիգրան Մուկուչյանն այսօր էլ պնդում է, որ դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, դա խախտում է քվեարկության գաղտնիությունը: Բայց ընտրությունների ժողովրդավարական դեմքն այն է, որ բոլորը գիտեն, թե ում ձայնը չի կեղծվել. «Եթե էդպես լիներ, ես կարծում եմ, թե Արեւելյան Եվրոպայի, թե Արեւմտյան Եվրոպայի երկրները կհրապարակեին ցուցակները»: -Էնտեղ ընտրությունների հանդեպ կասկածներ չկային: -Գիտե՞ք, եթե ինչ-որ մեկն ունի կասկած, դա դեռ չի նշանակում, որ պետք է գնալ այլ անձանց իրավունքների ոտնահարմանը ինչ-որ մեկի հիմնավորված, ինչ-որ մեկի չհիմնավորված, տվյալ դեպքում՝ չհիմնավորված կասկածները փարատելու համար: