«Մատները թանաքոտեք, մի հատ էլ ականջին օղ կախեք, մարմնի հետ գործողություն կատարեք»
ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ հայտարարեց, որ ժողովուրդը շատ ճիշտ է ասում, որ ԱԺ-ում շատ հաճախ ժամավաճառությամբ են զբաղվում. «Պատմության հազարամյակներից առաջ տեղի ունեցածից մինչեւ ՀՀ առաջին հանրապետություն հասանք, ոմանք՝ ասմունքեցին: Իսկ անեծքների հետ կապված, դիմում եմ ՀԱԿ-ին. ես հիմա եմ հասկանում, թե ինչու նրանք երկար ժամանակ հաջողության չեն հասնում, քանի որ ժամանակին այնպիսի այլանդակություններ են արել ընտրություններին, որ հիմա այնպիսի մեխանիզմներ են առաջարկում, որ որեւէ բան հնարավոր չէ անել: Սակայն մենք դա արմատախիլ կանենք, մանավանդ այդ այլանդակություններն անձամբ իմ նկատմամբ են արել»: Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն խոսքերին, թե ՀԱԿ-ում Ռեմբոներ չկան, ասաց. «Նրանց Ռեմբոներ պետք չեն, նրանց թուլատներ են պետք, որ ցանկացած պահի հայտնվեն իրենց տեղում: Մեր Նիկոլին ուզում եմ փարատել՝ օրենքն անցկացնելու հապշտապություն չկար, ազնիվ պատգամավոր Նիկոլ Փաշինյան»: Ըստ նրա՝ այս օրենքի քողի տակ պրովոկացիոն հայտարարություններ արվեցին, Գյուլնազ տատի հեքիաթներ պատմեցին. «Եթե նախապես հայտարարում են, որ ընտրությունները կեղծված են, ապա էլ ինչի՞ համար են պետք թանաքոտումը, նույնականացման քարտերը: Ասում են՝ մատները թանաքոտեք, մի հատ էլ ականջիդ օղ կախեք, մարմնիդ հետ գործողություն կատարեք: Ինչի՞ եք ուզում հասնել, որ մարդիկ զզվե՞ն, առանց այդ էլ չեն ուզում գնալ ընտրության: Սա ապակողմնորոշ մի իրավիճակ է: Ցանկանում են մի գիշեր քնից զարթնել ու տեսնել իրենց բուրգի գլխին»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ամբողջ հանրապետությունում հարյուր ինը զույգ կա կրկնվող անուն-ազգանուններով. «Եթե ձեր վստահված անձինք սրանցից ավելի մարդ կհայտնաբերեն, դա խախտում է: Պետք չէ սա եւս մատի փաթաթան սարքել: Այն բոլոր կեղծիքները, որ արվել են ժամանակին ու արմատախիլ չեն արվել, ապա կոչ եմ անում՝ հզորացրեք ձեր հանձնաժողովի անդամներին, որ առաջն առնենք տարիներ առաջ սկսված այդ կեղծարարությունների»: Իսկ իր եզրափակիչ ելույթում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերը այսօրվա իրենց աշխատանքային հանդիպման ժամանակ դեռ մագաղաթ չեն դարձել, սակայն դեռ հնչում են իր ականջին. «Մինչեւ նա հասավ այս ամբիոնին՝ խեղաթյուրեց իր խոսքերն ու մեր խոսակցությունը»: Հարցի քննարկումն ավարտվեց: Քվեարկությունը տեղի կունենա 17:30-ին: