«ID քարտ ցանկացած արհեստանոցում կարելի է սարքել. սա արդեն դառնում է բարդակ»
ՀԱԿ-ում բոլորը Ռեմբո չեն, որ չեն կարող միայնակ դիմակայել իշխանությունների ճնշումներին ու շատերը կուլ են գնում. ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով. «Այդ մարդիկ մեղավոր չեն, մեղավոր է այս հանցավոր իշխանությունը, որ այդ ճնշումները կիրառում է»: Ըստ նրա՝ նույնականացման քարտից ցանկացած արհեստանոցում հնարավոր է սարքել ու վաճառել. «Սա արդեն դառնում է բարդակ ու խառնաշփոթ: Հիմա կա հինգ խմբակցության կոնսենսուս: Այսօր աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել, որի ժամանակ միակ դիմադրողը մատների թանաքոտմանը, ՀՀԿ-ն էր: Նրանց զարմանահրաշ փաստարկն այն է, որ ասում են՝ մեկ է՝ այդ թանաքոտումը ձեզ ոչ մի բան չի տա, եթե ուզենք, կմաքրենք: Ախպեր ջան, ասում ենք՝ մաքրեք, ուզում եք բենզինով, զարինով, զամանով, քիմիական զենք կիրառեք, անիծեք, միայն թե օրենքը անցկացրեք: Բայց հիշեք՝ցանկացած բան, որ բերում է ժողովրդի ձայնի կեղծմանը, բերում է անեծքի»: «Մենք հավատում ենք այդ հարցում ձեր մասնագիտացմանը, պարոն Զուրաբյան: Շնորհակալություն, որ կիսվեցիք մեզ հետ ձեր մասնագիտական գիտելիքներով»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ արեց իշխանություններին՝ ընդառաջ գնալ ընդդիմությանը եւ ընդունել թանաքոտումը. «Ձեզնից ի՞նչ է գնում»: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամներն ազատ են քվեարկության մեջ: