Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատուկ մտադրություն՝ համայնքները գործադիրից կախման մեջ պահելու համար»

Քաղաքականություն
xanumyan

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթը ԼՂՀ ԱԺ 29.10.2015թ. նիստում Հարգելի՛ ներկաներ, Ցանկացած երկրի զարգացման գործում առանցքային նշանակություն ունի տեղական ինքնակառավարումը: Տեղական ինքնակառավարման մասին օրենքով մենք կարծես պայմաններ ենք ստեղծել, որպեսզի համայնքներն ունենան սեփական եկամտի աղբյուրները, կարողանան ինքնուրույն լուծել տեղական մակարդակի խնդիրները: Սա օրենքով, սակայն իրականում մեր համայնքները զուրկ են մնում համայնքային բյուջեն օրենքով սահմանված եղանակով համալրելու հնարավորությունից: Այսպես, Տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրների մեջ են նաև եկամտային հարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից մասհանումները: Սակայն իրականում մասհանումները չեն կատարվում, ինչից տուժում են հատկապես դոտացիաներ չստացող համայնքները: Այսօր Ազգային ժողովի նամակատուփերը, վստահ եմ, նաև կառավարության և նախագահի աշխատակազմի նամակատուփերը լիքն են փոքր, տեղական մասշտաբի հարցերին լուծումներ տալու խնդրանքներով: Այդ հարցերը ամենահեռավոր բնակավայրից իսկ հասնում են Վերածննդի հրապարակ, քանզի համայնքները տարրական հարցերը լուծելու ֆինանսական հնարավորություն չունեն: Փոխանակ մտածելու համայնքային բյուջեների համար նոր մուտքերի ստեղծման մասին՝ կառավարությունը զրկում է համայնքներին օրենքով նախատեսված մուտքերից: Ես հակված եմ մտածելու, որ սա արվում է հատուկ մտադրությամբ՝ համայնքները գործադիրից կախման մեջ պահելու նպատակով: Նաև նրա համար, որ համայնքի բնակիչն ամենափոքր հարցի դեպքում իսկ հասնի Ստեփանակերտ և այս կամ այն պաշտոնյայից իր հարցի լուծումը խնդրի: Այս համակարգն անընդունելի է: Բոլոր այն երկրներում, որտեղ բնակիչն իր տարրական խնդիրների լուծման համար փորձում է թակել բարձրագույն իշխանությունների դռները՝ նշանակում է այդ երկրում կառավարման մակարդակը ցածր աստիճանի վրա է: Այն երկրներում, որտեղ բնակիչն իր խնդիրների լուծումները գտնում է իր համայնքի ներսում, նշանակում է գործ ունենք արդյունավետ կառավարման հետ: Մինչև համայնքների համար օրենքով նախատեսված մուտքերը չապահովեն, ավելին, համայնքային բյուջեների համար նոր աղբյուրներ չստեղծվեն՝ Արցախում տեղական ինքնակառավարման արդյունավետությունը կասկածի տակ է լինելու: Նախորդ նիստի ժամանակ մի շարք հարցերի լուծումը ես պայմանավորել էի քաղաքական կամքի բացակայությամբ: Այս հարցի լուծման համար նույնպես քաղաքական կամք է հարկավոր, քանզի տեղական ինքնակառավարման զարգացումը նշանակում է նաև վարչական ռեսուրսներով ազդելու հնարավորության փոքրացում, նշանակում է քաղաքացիական հասարակության զարգացման հնարավորություն, ինչը կառավարող ուժերի համար, որ երկրում էլ այն լինի, մարտահրավեր է: Ընտրությունն այսպիսով մի կողմից համայնքների վրա վարչական լծակները պահելու, մյուս կողմից՝ երկրի և հասարակության զարգացման միջև է: Թե ինչ ընտրություն կկատարի գործադիրը, կտեսնենք առաջիկայում, իսկ այս գործում առաջին քայլը կլինի տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջների կատարումը: Շնորհակալություն ուշադրության համար: 29/10/2015թ.