«Միտքը կառավարելի դարձնելը մի բան է, մարմինը` մեկ այլ բան». Գ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը հիմնականում անդրադարձավ երեկ իր ու ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցուպատասխանին: Երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն չէր կարողացել զսպել ու սկսել էր ծիծաղել, երբ Հովհաննես Սահակյանը խոսում էր թանաքոտման համաշխարհային փորձից. Հովհաննես Սահակյանին թվաց, թե ինձ անեկդոտ են պատմում, իրականում երկրում ստեղծված այս իրավիճակը տեղով անեկդոտ է: ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը, ձախն էլ նույնիսկ չգիտի՝ ինքն ինչ է անում: Դուք սովոր եք հավսար-զգաստով դակել, անցկացնել օրենքները, թե բա հայբուդուլ, աշխարհի վերջն է, պիտի արագ ընդունենք»: Ըստ նրա՝ նույնականացման քարտերի վրա դրոշմակնիքի բացակայությունը միջանցք է բացել կրկնաքվեարկության համար. «ՀՀԿ-ն կրկնաքվեարկությունների բազա է ստեղծում: ՀՀԿ-ն ասում է՝ չէ, այդպես չէ, դե ուրեմն մեխանիզմ ստեղծեք բացված միջանցքը փակելու համար: Մի ամիս ժամանակ է մնացել հանրաքվեին, ու կան միջոցներ, որոնք մեծ ջանք չեն պահանջում, ոչ ուսուցման կարիք կա, ոչ էլ շատ փողի»: Նիկոլ Փաշինյանը, դիմելով կրկին Հովհաննես Սահակյանին, նկատեց, որ գոնե այլ երկրների անուններ չտար, որտեղ թանաքոտումն անարդյունավետ է եղել. «Հնդկաստանը ամենամեծ ժողովրդավարություն ունեցող երկիրն է, Վրաստանում տասը տարվա մեջ երկու անգամ իշխանափոխություն է եղել»: Ապա նա խոսքը ուղղեց պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որը հայտարարել էր, թե մեկը հարցրե՞լ է մարդկանց՝ իրենք ուզո՞ւմ են, որ իրենց մատները թանաքոտեն. «Իսկ մարդկանց հարցրե՞լ եք՝ քսան տոկոս ԱԱՀ տալ ուզո՞ւմ են, հարցրե՞լ եք՝ ընտրություններ ուզո՞ւմ եք: Մարդիկ, իհարկե, կասեն՝ հոգնել ենք բոլորիցդ ու անհատապես յուրաքանչյուրիցդ»: Այնուհետեւ նա կոչ արեց բոլոր նրանց, որոնք բողոքում են պոպուլիզմից. «Գոնե մի խոսեք պոպուլիզմից, դուք ավելի խոսեք մանդարինից, վարունգից, պոմիդորից, նման բաներից»: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ավարտին կրկին անդրադարձավ Հովհաննես Սահակյանին՝ ասելով. «Երեկ իմ մասին ասացիք, որ ազնիվ պատգամավոր եմ: Ո՞նց կարող եք նման բան ասել. բոլոր ազնիվները ձեզ մոտ են հավաքված: Ձեր ժամանակներում ես երկու անգամ եղել եմ դատված, ենթարկվել եմ քրեական պատասխանատվության: Ո՞նց է ձեր լեզուն պտտվում՝ նման բան ասելու. ազնիվը դուք եք, Սերժ Սարգսյանն է, Արտաշես Գեղամյանն է: Հարգելի տիկնայք եւ պարոնայք ազնվազարմ ԱԺ-ի, ես ավարտեցի ելույթս»: «Համեմատությունը հեչ տեղին չէր, թանաքոտման մասին է՝ միտքը կառավարելի դարձնելը մի բան է, մարմինը մեկ այլ բան»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: