Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է հանրաքվեին շուրջօրյա տեսանկարահանում անել (տեսանյութ)

Քաղաքականություն
andznagrer-nkar

Նախորդ տարվա հունվարի 1-ից սովորական անձնագրեր չեն տրվում, այլ միայն կենսաչափական կամ նույնականացման քարտեր: Հիմա՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, խնդիր է առաջացել, թե ով ինչպես կարող է ընտրություն կատարել: «Ունենք հակասություն Ընտրական օրենսգրքի և անձնագրերի մասին օրենքի միջև: Սրա հետևանքով շատ անձինք չեն կարողանա ընտրություն կատարել: Խնդիրը ծագել է 2014-ին, բայց ԱԺ-ն հիմա է անդրադառնում»,-ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ այժմ մոտ 500.000 անձ ունի նույնականացման քարտ, որից 180.000-ը՝ միայն նույնականացման քարտ, իսկ 320.000-ը՝ և մեկը, և մյուսը: «Այսինքն, այս դեպքում, որ երկուսն էլ ունեն, կարող է կրկնաքվեարկություն տեղի ունենալ: ID քարտով էլ կարող են մի քանի անգամ ընտրել՝ տարբեր տեղամասեր գնալով: Իհարկե, Հանրապետականներն ասում են, թե ընտրողը կարող է միայն մի տեղում գրանցված լինել, բայց հաշվի առնելով նախորդ անգամների փորձը, որ փոխադրում էին մարդկանց տարբեր տեղեր՝ ընտրելու, չենք կարող վստահ լինել»,-շեշտեց տիկին Տիգրանյանը: Երբ քաղաքացիներին տրվել են կենսաչափական անձնագրեր, շատերը չեն վերցրել արդեն դակված իրենց նախորդ անձնագրերը: «Կարելի էր ետ վերադարձնել քաղաքացիներին այդ դակված անձնագրերը: Կարծում եմ, որ ոստիկանությունում են դրանք պահվում: Այս դեպքում ոչ ֆինանսական ծախս կպահանջվի, ոչ էլ երկար ժամանակ»,-նշեց իրավաբանը: Իսկ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» շարժման անդամ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ քաղաքացիների մոտ զրո է վստահությունն այս փոփոխությունների հանդեպ: «Ամբողջ գործընթացը հարցականի տակ է: Հենց սկզբից էլ կար անվստահություն այս ամենի նկատմամբ, քանի որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Դա հստակ խախտում է: Ի՞նչ է, որ խախտում լինի, նրա՞ն պետք է դիմել և ի՞նչ կանի նա»: Ստեղծված իրավիճակում Արմենը մի ելք է տեսնում. «Հանրաքվեին շուրջօրյա տեսանկարահանում պետք է անել և դիտորդների պատշաճ վերահսկողություն լինի: Այլ տարբերակ չկա»: