«Չեմ ուզում, որ մեռած հորեղբայրս քվեարկի». ԱԺ արտահերթ նիստ կգումարվի (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվում են «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկումները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր 17:30 տեղի կունենա քվեարկություն, իսկ քանի որ խորհրդարանի աշխատանքները դանդաղ են ընթանում, նոյեմբերի 10-ին տեղի կունենա արտահերթ նիստ: Ելույթ ունենալու համար հերթագրված 18 պատգամավորներից 9-րդ համարի ներքո հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ երկու օր է մանրամասնորեն ուսումնասիրում են Արաբկիրի ու Շենգավիթի տեղամասերը եւ պարզել, որ ընտրողների թիվը երեք հազարով ավելացել է, մինչդեռ 4-5 հազարով յուրաքանչյուր ընտրատեղամասում ավելացել է արտագաղթը»: Այնուհետեւ, նա նշեց, որ հայտնաբերել են, որ ընտրացուցակներում բազմաթիվ մարդկանց անուններ կրկնվում են. «Միայն 36 անգամ կրկնվում է Գրիգորյան Արմենը, 57-ական Հարությունյան Անահիտ ու Սարգսյան Անահիտ կա ընդամենը մեկ ընտրատեղամասում: Երկու եւ ավելի անգամ կրկնությունը այս ընտրատեղամասերում քսան տոկոս է կազմում: Հեծանիվի օրինակով նույն մարդիկ տարբեր տեղամասերում գնում են քվեարկության, իսկ շատ մարդիկ ուղղակի չունեն ծննդյան օր, թիվ»: Պարոն Մանուկյանը նկատեց, որ ՀՀ-ում ընտրողների թիվը 2.6 մլն է ու պարզվում է՝ այն անընդհատ աճել է՝ արտագաղթին զուգահեռ. «Ցուցակների ու բնակչության համեմատության զավեշտը ամենամեծը Լոռու մարզում է: ՀՀ-ն ունիկալ է իր արտագաղթի առումով ու ցուցակների աճելու առումով: Ես չեմ ուզում, որ իմ մեռած հորեղբայրը նորից քվեարկի: Ինչո՞ւ չեք ուզում մաքրել ցուցակները: Եթե կամք կա լուծելու, ինչո՞ւ չեք անում՝ ոչ ծախսի խնդիր կա, ոչ տեխնիկական: Դեմագոգիա է»: Նույնականացման քարտերի համար նա առաջարկեց էլեկտրոնային տարբերակը. «Ի՞նչն է սրա դժվարը: Նույնականացման քարտերով շատ ավելի հեշտ է կեղծել, քան անձնագրով: Վարչապետը հայտարարեց, որ նույնականացման քարտ ունի հինգ հազար քաղաքացի, մի քանի օր հետո պարզվեց նրանց թիվը հասավ 180 հազարի: Այս ամենից հետո պարզ է՝ ձեր նպատակն ուրիշ է, եթե չեք գնում այս հեշտ տարբերակին: Ի՞նչ կլինի, որ հանրաքվեն չանցնի, ինչ է եղել: Պատմական մեծ փոփոխություն է պատրաստվում՝ վերացվում է ՀՀ նախագահի ինստիտուտը, սա լուրջ քայլ է, ինչի՞ է պետք այս շփթփությունը։ Մեկը քար է գցել ու փորձելու ենք տակից դուրս գալ»: