Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունն ունի հանցագործություն կատարելու լծակներ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi

«Նոր Հայաստան» փրկության ճակատը գնում է ոչ թե այո կամ ոչ քարոզելու, այլ համախմբելու ժողովրդին՝ ռեժիմի դեմ պայքարելու համար: Այսօր շտաբի առաջին պաշտոնական ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը. «Այդ օրը պետք է որոշվի, թե ինչ ձեւով պետք է լինի ճնշումը ռեժիմի նկատմամբ, որպեսզի նրանք նահանջեն»: Իշխանությունն ունի հանցագործություն կատարելու լծակներ՝ համոզված է ճակատի անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Այդ հանցագործությունները քողարկողը՝ Գագիկ Հարությունյանը, հաստատելու է, որ ամեն ինչ լավ է եղել, մենք գիտենք ինչ է լինելու, մենք գիտենք, որ ամեն ինչ նախկինի նման է լինելու, կեղծելու են ընտրությունները, սա նշանակում է, որ մենք մարդկանց պետք է պատրաստենք չհանդուրժել այդ կեղծիքները»։ Տիկին Փոստանջյանի կարծիքով՝ ժողովրդի անհնազանդության արդյունքում պետք է լինի ամբողջական համակարգային փոփոխություն՝ արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններով: Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցելուն, այն դեպքում, երբ նրանց պայքարի ձեւերը տարբեր են, Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց, որ նրանք միասնական են, իսկ տարաձայնությունները միայն մեխանիկական են. «Մենք մասնակցում ենք իրենց միջոցառումներին, իրենք՝ մեր: Մենք փորձելու ենք ընդհանուր հայտարարի գալ, գոնե մինչեւ դեկտեմբերի մեկը, իսկ եթե տարաձայնությունները շարունակվեն, մենք եզրեր կգտնենք համագործակցելու»։ Պայքարի միջոցներն էլ, ըստ «Նոր Հայաստան» ճակատի, պետք է լինեն դասադուլներն ու գործադուլները. «Իսկ եթե չես սովորում, չես աշխատում, պիտի ուղղակի դուրս գաս փողոց, մնաս այնտեղ ու հասկացնես, որ չես նահանջելու, մնալու ես փողոցում»,- կոչ արեց Զարուհի Փոստանջյանը: «Ա1+» - ի հարցին, թե որքանով դա կհաջողվի, եթե հաշվի առնենք, որ համալսարաններում, աշխատավայրերում քաղաքացիներին կարող են սպառնալ՝ հեռացնել աշխատանքից կամ բուհից, իսկ վախի պատճառով շատերը կարող են փողոց դուրս չգալ, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ես համամիտ եմ, որ գոյություն ունի վախ մարդկանց մոտ, եւ մեր հիմնական խնդիրն է հանրությանը հասկացնել, որ պետք չէ վախենալ, նրանք պետք է հասկանան, որ այսօրվա աշխատանքն ու ուսումը, որ իրենք ունեն, հավասարազոր է մահապատժից առաջ լավ կերակուր տալուն: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, եւ մեզ այլ հնարք չեն թողել»։ Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը նրանք բացատրեցին, որ նա անձնական գործերով շտապ գնացել է երկրից։ Թե որն է այդ գործը, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կասի, երբ շուտով միանա շտաբի անդամներին: