«Կպել եմ թույլ տեղին». Ուրիխանյանը նույնականացման քարտերի մասին
«Թե ինչո՞ւ իշխանությունը երեկ միահամուռ ջանքերով տապալեց նույնականացման քարտերի վերաբերյալ իմ հեղինակած նախագիծը, ես այդ մասին ավելի պատկերավոր կխոսեմ վաղվա ելույթիս ժամանակ»,-քիչ առաջ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Մի բան նա ակնհայտ է համարում. «Կպել եմ թույլ տեղին: Իսկ իշխանության թույլ տեղը ո՞րն է այս շրջանում. հանրաքվեն, որի արդյունքում անարդյունավետ կառավարողները պետք է երկրում կառավարումը փոխեն այլ ձևաչափի»,-ասաց պարոն Ուրիխանյանը: Նա հանրաքվեի հետ կապված հայտարարություն արեց՝ ուղղված գործընկերներին և հայրենակիցներին. «Առաջարկում եմ հանրաքվեին՝ քարոզչության և բուն քվեարկության ընթացքում կազմակերպել խստագույն հսկողություն քվեարկության գործընթացի նկատմամբ: Պետք է ապահովել լուրջ դիտորդական առաքելություն՝ տեսանկարահանումներով, օպերատիվ խմբերով: Մեզ տրված է հնարավորություն խանգարել ցանկացած խախտումների, ապօրինությունների իրագործում՝ իշխանության կողմից»,-շեշտեց պատգամավորը: