«Մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ սեփականաշնորհվել է Սևանա լիճը»
ԱԺ հայտարարությունների ժամին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ պետական և մասնավոր սեփականության շուրջ խնդիրներին: «Տասնյակ տարիներ առաջ սկիզբ է առել մի խայտառակ գործընթաց, երբ մասնավորեցման, ապապետականացման քողի ներքո ջրի գնով, կոպեկներով վաճառվում և օտարվում էր հանրային և պետական սեփականությունը: Վերջերս բոլորիս աչքի առջև սկիզբ է առնում այդ տխրահռչակ գործընթացը: Դրա արդյունքում Հայաստանում պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններ չեն մնացել»: Պարոն Մարգարյանը հիշեցրեց, որ շատ կառույցներ ապամոնտաժելուց հետո, դրանց տեղում որևէ շինություն չի կառուցվել: «Երիտասարդական պալատի շենքը քանդվեց, անցել է 10 տարի, քարը քարին չի դրվել»: Նա ուշադրություն է հրավիրում նաև այլ կարևոր կառույցների: «Չգիտես, թե ի՞նչ պայմաններով և ո՞ր օֆշորային կազմակերպություններին են օտարվել մեր տնտեսության ողնաշարը հանդիսացող «Նաիրիտ»-ը և «Քիմպրոմ»-ը: Կառավարությանը և պատկան մարմիններին հարցնում ես՝ ովքե՞ր են այդ գիգանտների սեփականատերերը, ասում են՝ չգիտենք: Կարծես հարցը վերաբերվում է մի սովորական խաղալիքի գործարանի: Էլ բան չկա սեփականացնելու, հերթը հասել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Կառավարությունը պետք է պարզաբանի՝ ո՞վ է սեփականատերը, ի՞նչ զվարճանքի օբյեկտներ են կառուցվելու այդտեղ»: Պատգամավորը վստահ է, որ եթե պատկան մարմինները շարունակեն ուշադրություն չդարձնել վերոնշյալ խնդիրներին, դրանց կավելանան նորերը: «Մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ անհայտ մեկը սեփականաշնորհել է Սևանա լիճը»,-շեշտեց պարոն Մարգարյանը: