Լոռու մարզում ընտրողների թիվը գերազանցում է բնակչության թվին. ՀՔԱՎ
Ընտրական գործընթացների լեգիտիմության գնահատման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար ուսումնասիրում է տարբեր գործոններ, որոնք ազդում են կամ կարող են ազդել ընտրությունների օրինականության վրա:
Ինչպես ներկայացրել էինք երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համադրությունը բնակչության և ընտրողների թվաքանակի վերաբերյալ բավականին հետաքրքրական է և բացատրվում է թերևս միայն արհեստական միջամտությամբ:
Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի[1] հետ՝ տեսնում ենք, որ ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում փաստորեն ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 101%--ը: Հիշեցնենք, որ Վանաձորում մշտական բնակչության 113%-ը փաստորեն ունի ընտրելու իրավունք:
Կարծում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը՝ որպես ընտրացուցակների կազմման լիազոր մարմին պետք է
· Իրականացնի համապատասխան քննություն և հրապարակային բացատրություն ներկայացնի այս տվյալների վերաբերյալ
· Մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեն ապահովի ընտրացուցակների ճշգրտությունը
