Նախկին պատգամավորն իր դեմ հարձակման բացատրությունը չի տեսնում
Մինչեւ չլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարձակում կատարելու գործով որեւէ գործողություն չի կատարվի: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սամսոն Ղազարյանը, առավոտյան է խոսել քննիչի հետ, եւ նա տեղեկացրել է, որ եզրակացությունից հետո նոր միայն գործին ընթացք կտրվի: Իսկ մինչ այդ ի՞նչ գործողություններ են կատարվել, արդյոք հարձակում գործած անձը ձերբակալվե՞լ է, թե՞ ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց, Սամսոն Ղազարյանը չի հարցրել քննիչին: Այսօր Սամսոն Ղազարյանին մեկ հարց է հետաքրքրում. ո՞րն է հարձակման դրդապատճառը: «Բոլորովս պետք է բացահայտենք, առաջին հերթին ես, իսկ հետո ոստիկանությունը: Դրդապատճառը պետք է հոդաբաշխ լինի, ես չեմ տեսնում որեւէ բացատրություն, չգիտեմ, ինչ բացատրություններ են լինելու»,- ասաց նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը հարձակման էր ենթարկվել Արաբկիր համայնքում: Իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշելիս, Սամսոն Ղազարյանի խոսքերով, մոտեցել էր սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա, որից իջել էր մի տղամարդ եւ սկսել հարցուփորձ անել, թե ո՞վ է նա եւ ո՞ր ծառայության տաքսի է վարում: Անծանոթը, նրա խոսքերով, նույնիսկ սպառնացել էր վիզը կտրել: Ոստիկանության լրատվական բաժնից փոխանցեցին, որ Արաբկիր բաժնում հետաքննությունը շարունակվում է: