Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է մատների թանաքոտման միջոցով քվեարկությունները հաստատել

Քաղաքականություն
img_293804205_TANAK

Ազգային ժողովում այս րոպեներին քննարկվում է Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց. «Եթե թույլ չտանք մեր քաղաքացիներին նույնականացման քարտերի միջոցով մասնակցեն հանրաքվեին, հետագայում իրավական խնդիրների առջև կկանգնենք: Արդեն 558 հազար 401 նույնականացման քարտ ունեցող կա և պետք է թույլ տանք, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքն իրացնեն»: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախքան հարց ուղղելը, սաստեց ձախ կողմում նստած պատգամավորներին. «Կխնդրեմ դահլիճի այս հատվածից ԲՀԿ-ի հասցեին ինչ-որ ռեպլիկներ չհնչեն, որովհետև եթե ես որոշեմ պատասխանել, ապա վստահ եղեք, որ պատասխանն ակնահաճո չի լինելու»: Այնուհետ նա անցավ բուն հարցին՝ հետաքրքրվելով Հովհաննես Սահակյանից, թե ինչո՞ւ ավելի վաղ անդրադարձ չի եղել խնդրին. «Մի կողմից մի քանի հազար մարդ կզրկվի քվեարկելուց, բայց մյուս կողմից ընտրակեղծիքները մեզ համար սյուրպրիզ չեն: Այսօր չիմացանք, որ հանրաքվե է անցկացվելու, ի՞նչն էր խանգարում այդ ժամանակ ձեռնարկել նշյալ փոփոխությունը և ունենալ ժամանակ նախապատրաստվելու: Կարելի էր ավելի վաղ տեղադրել անհրաժեշտ սարքեր, որ մեկ անձը հնարավորություն չունենա երկու անգամ քվեարկելու»,-նշեց տիկին Զոհրաբյանը: «Խնդիրը վերաբերում է բացառապես ժամանակին: Այդ գործընթացը եթե իրականացնենք, ամիսներ են պետք»,-պատասխանեց զեկուցողը: ԲՀԿ նախագահն արձագանքեց, թե խմբակցությունում քննարկել են հարցը. «Մենք առաջարկում ենք, որպեսզի դրոշմակնիքները հանվեն անձնագրերում և մատների թանաքոտման միջոցով դա անել: Իհարկե, դա համադարման չէ, բայց արագ լուծելի տարբերակ է և ոչ ծախսատար»: Պարոն Սահակյանը վստահեցրեց, թե այս տարբերակը կքննարկվի: