Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչով կզբաղվեր, եթե ողջ լինեին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը

Քաղաքականություն
aram-Z

Կյանքում լինում են օրեր, որ չեն անցնում: Հոկտեմբերի 27-ը ոչ միայն զոհերի հարազատների, այլեւ պետության ու ժողովրդի համար այդ օրերից է. Կարծում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Չի անցնում մի պարզ պատճառով՝ «ուչաստկովին» գործը չբացահայտեց, իր հետ առաջացնելով մի շարք հարցեր, թե ինչու չբացահայտվեց եւ երկրորդ՝ «Միասնություն» դաշինքի շռնդալից, արդար ու ազնիվ հաղթանակից հետո, էս իշխանությունները երբեք չփորձեցին օրինական ու արդար ընտրություններ անցկացնել, որպեսզի քաղաքական այն ճգնաժամը, ինչը առաջացավ հոկտեմբերի 27-ից հետո, լցվեր»: «Ա1+»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի բացահայտում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Բացառում եմ, միանշանակ, որովհետեւ որեւէ շահագրգռվածություն չեմ տեսնում: Այս իշխանությունները չեն փորձում արդար ընտրություններ անցկացնել, այս իշխանություններն  ասում են հանրաքվե, բայց ձեր ու իմ կարծիքը իրենց չի հետաքրքրում, իրենք էդ կարծիքը նկարում են: Այսինքն` իրենք գործի չբացահայտման ռեալ շարունակողներն են եւ ոչ մի տարբերություն, իրենք պիտակավորել են  Հոկտեմբերի 27-ը «ուչաստկովիով», թե չէ: Իրենք «ուչաստկովիի» տարբերակի կողմնակից են իրենց էությամբ ու ձեւով, որոշ ՀՀԿ- ականեր ձեւեր են թափում, բայց էդ ձեւերը նրանք թափում են իմ ականջին կամ մորս ծնկին, կեցության խնդիր են լուծում, մեր անկախությունը վաճառելով օտարներին»: Արամ Սարգսյանը համոզված է, որ եթե ողջ լինեին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, Հայաստանը այլ արժեքներ ու այլ ընկալումներ էր ունենալու. «Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանը ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի եւ դիզվառելիքի բիզնեսով, օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով չէին ֆռֆռա էս երկրում, պետության սեփականությունը պարտքի դիմաց չէր հանձնվի օտարին, Հայաստանը կունենար ծրագիր ու այդ ծրագրով կունենար տարածաշրջանում այնպիսի դեր, ինչպիսին այսօր Մերձավոր Արեւելքում ունի Իսրայելը»: Նա համոզված է, որ շատ գերտերությունների այսպիսի սցենարը դուր չէր գալիս, ու հենց դա էր պատճառներից մեկը, որ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: