Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե լավ լիներ, լավ կլինի, եթե վատ լիներ, վատ կլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

Մեր երկրում արդարության ճգնաժամ է, եւ օմբուդսմենը իր 2014թ. զեկույցում անդրադարձել է ամենակարեւոր մարդու իրավունքի խախտմանը՝ արդարության իրավունքի խախտմանը: Այսօր ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ զեկույցին՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում հիմա կունենային բովանդակային լրիվ այլ քննարկում: Նա նշեց, որ բոլորովին համաձայն չէ իր գործընկերոջ հետ, որ օմբուդսմենը պետք է լինի երկրի թիվ մեկ ընդդիմադիրը. «Ոչ, դուք չպետք է լինեք ոչ թիվ մեկ ընդդիմադիրը, ոչ էլ իշխանամետը, դուք պետք է լինեք թիվ մեկ անաչառը, եւ միայն այդ դեպքում կարող ենք խոսել՝ դուք հաջողե՞լ եք, թե ոչ»: Ըստ տիկին Զոհրաբյանի՝ եթե հիմա այստեղ լիներ մի որեւէ նախարար, այն էլ սուպեր նախարար, ապա նրան որեւէ մեկը չէր փորձի դատափետել, քանի որ նրանից կան ակնկալիքներ. «Անկեղծ լինեմ՝ ամբողջ զեկույցը չեմ կարդացել ու ոչ բոլոր միջատներին եմ հաշվել, սակայն ես եղել եմ ՔԿՀ-երում, եւ կարող եմ փաստել, որ ուղղակի առանց հակագազի հնարավոր չէ մտնել այնտեղ՝ խախտված են կալանավորի բոլոր հնարավոր ու անհնարին իրավունքները: Բանտախցերում ապրում են նախատեսվածից մի քանի անգամ ավելի կալանավոր»: ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւս նկատեց, որ օմբուդսմենի զեկույցում ձեւակերպումները տրաֆարետային էին, իսկ երբեմն էլ աքսիոմատիկ. «Լավ կլինի, որ լավ լինի: Բոլորս էլ լավ գիտենք՝ եթե լավ լիներ, լավ կլինի, եթե վատ լիներ, վատ կլինի: Ուզում եմ հասկանալ՝ ձեր կամքի բացակայությո՞ւնն է, թե վախենո՞ւմ եք ու չեք ուզում վիրավորած լինել որեւէ կողմից ու դրա համար զգույշ եք ձեր ձեւակերպումներում: Ոչ գրանատամյոտ է պետք, ոչ էլ տանկ հանել, դուք պետք է լինեք անաչառ: Դիմեք մեզ, հասկանաք՝ ովքեր են ձեզ խոչընդոտում: Մենք պատրաստ ենք աշխատել ձեր ներկայացրած առաջարկությունների շուրջ: Հասկանում եմ, որ այս երկու օրերը ձեզ համար ամենահաճելին չէին՝ ուղղորդված մոտիվացիաներ, զգացմունքային: Կարծում եմ՝ կունենանք այնքան խոհեմություն լինել շատ ավելի զուսպ, քանի որ մենք միայն իրար հասկանալով կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»: