Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես աչք չունեմ ձեր պաշտոնի վրա».Գ. Ջհանգիրյանը՝ օմբուդսմենին (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

Այսօր ԱԺ-ում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախ հայտարարեց, որ մեծ էր իր գայթակղությունը՝ անդրադառնալու իր հարցադրմանը օմբուդսմենի արձագանքին. «Սակայն ես հիմա ձեռնպահ կմնամ՝ հաշվի առնելով ձեր տարիքը: Ուղղակի կխնդրեմ՝ սրանից հետո համապատասխան ենթադրություններ անել»:  Խոսքը վերաբերում էր երեկ Գագիկ Ջհանգիրյանի հնչեցրած հարցադրումներին, որոնց վերաբերյալ պատգամավորը համապատասխան պատասխաններ չստացավ: Պարոն Ջհանգիրյանը հայտարարեց, որ ինքը վեր է կանգնում Կարեն Անդրեասյանին սիրող-չսիրող խմբավորումների շարքից եւ եթե օմբուդսմենի մյուս զեկույցների ժամանակ ելույթ չի ունեցել, հիմա մի քանի դիտարկումներ ունի. «Մեզ համար պարզաբանենք խնդրում եմ՝ սահմանադրաիրավական ի՞նչ կարգավիճակ ունեք ու ի՞նչ լիազորություններ ունեք, արդյոք ձեր ելույթները համապատասխանո՞ւմ են այդ կարգավիճակին, որպեսզի կարողանանք օբյեկտիվ լինել եւ ամեն ինչ պետք չէ  տանել անձնավորման դաշտ»: Ըստ պատգամավորի՝ օմբուդսմենն ամբողջ ելույթը նվիրեց օրենսդրական բացերի խնդրին: Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ օմբուդսմենն ունի իրավունքներ, սակայն լռում է ու հանդես է գալիս բարոյախրատական ելույթներում, իսկ զեկույցում տրաֆարետային կոչեր են, լոզունգներ. «Սա նման է Թումանյանի հեքիաթի հերոսին, որն ասում էր՝ արեւելքից արեւը դուրս գա, արեւմուտքում՝ մայր մտնի  ձորերը պիտի խորը լինեն, լեռները՝ բարձր: Սակայն դա չէ ձեր խնդիրը, դուք պետք է լուծումներ առաջարկեք՝ որ պաշտոնյան էր մեղավոր, եւ այդ խնդիրը բարձրացնեիք կառավարության նիստում կամ գնայիք կոլեգիայի նիստում ելույթով հանդես գայիք»: Պարոն Ջհանգիրյանը հայտարարեց, որ համաձայն է ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ, որ պետք է օմբուդսմենը լինի ավելի փորձառու ու տարիքով. «Եթե բեղումորուսով, տարեց մարդ լիներ օմբուդսմենը, միգուցե լսեին նրան: Մեր օմբուդսմենը հիմա նեղացնում, սահմանափակում է իր լիազորությունները: Միգուցե ԱԺ-ն իր մեղքի բաժինն ունի: Ես աչք չունեմ ձեր պաշտոնի վրա, սակայն կարծում եմ, որ դուք մի քիչ ավելի փորձառու պետք է լինեք: Այն ծանրությունը, որ դրել են ձեր ուսերին, դա ահռելի ծանրաձող է, դուք չեք կարողանում բարձրացնել այն: Կարծում եմ՝ դուք շատ ավելի լավ կարող եք իրացվել գործադիր կամ այլ մարմիններում»: