Շանթ Հարությունյանի գործին հնարավոր էր անդրադառնալ նո՞ր լույսի ներքո (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվեց ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկումը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ օմբուդսմենի ելույթում չլսեց միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների ու քաղաքացիական ազատությունների մասին. «Զեկույցում ինչի մասին ասես, որ չանդրադարձաք՝ էլ բուժհաստատություններ, էլ հարկային ոլորտում ստուգումներ, էլ դատական համակարգում փաստաթղթերի պատճենահանության թանկություն, մինչդեռ դուք ամենակարեւորի մասին չխոսեցիք՝ վերոնշյալ մարդու հիմնարար իրավունքներին: Ինչո՞ւ կենտրոնացաք մի քիչ երկրորդական խնդիրներ վրա»: Պարոն Զուրաբյանը նշեց նաեւ՝ երբ Կարեն Անդրեասյանը նշանակվեց օմբուդսմեն, բռնարարքների մի ամբողջ շղթա սկսվեց. «Դուք այս հարցերին բացարձակապես չեք անդրադարձել: Բացի այդ, ինչո՞ւ չեք անդրադառնում ԵԽԽՎ՝ քաղբանտարկյալի սահմանմանը, որը հնարավորություն կտար նոր լույսի ներքո անդրադառնալ Շանթ Հարությունյանի գործին»: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշեց, որ միջազգային փաստաթղթերում չկան ՄԻՊ առաջնային ու երկրորդական հարցեր, իսկ իր ելույթում միտումնավոր ընտրել ու բարձրացրել է ամենահեշտ, սակայն երկար ժամանակ չլուծվող հարցերը, որոնք, թեեւ, լուծման համար ամենամատչելին են: Իսկ քաղաքական հարցերին անդրադառնալու համար ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ, իսկ ԱԺ-ում փորձել եմ միասին լուծումներ գտել ներկայացրած հարցերին: Ինչ վերաբերում է ծեծերին ու խոչընդոտներին ու որոշ դեպքերում կենցաղային բախումներին, ձեր հարցադրումները օբյեկտիվ չեն. բոլոր այն դեպքերում, որտեղ իմ միջամտությունը տեղին է եղել, մենք հանդես ենք եկել հայտարարությամբ ու զեկույցում եղել են ձեւակերպումներ: Զեկույցում այդ դեպքերը նշվում են, երբ նախաքննությունն ավարտված է լինում, ու մենք կարողանում ենք վերջնական գնահատականներ տալ»: Պարոն Անդրեասյանը հայտարարեց, որ քաղաքական ու հանրային ելույթները իրենց համար հիմք չեն հանդիսանում՝ զեկույցում նշելու եւ ընթացք տալու համար, իրենց պետք է գրավոր դիմում ներկայացնեն. «Մենք առանց դիմումի ընթացք ենք տալիս, երբ անձը չունի կարողություն մեզ դիմելու՝ երբ հաշմանդամություն ունի, կամ, օրինակ, ծառը, բնությունը, որը չի կարող մեզ դիմել: Իսկ ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից մենք դիմումներ չենք ստացել»: Լեւոն Զուրաբյանը նախ ողջունեց, որ օմբուդսմենը արձանագրեց, որ ֆունդամենտալ խնդիրներն անլուծելի է համարում, դրա համար չի անդրադառնում. «Ուզում եմ իմանալ նաեւ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ սահմանադրական փոփոխությունների համահեղինակ եւ հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը նաեւ ՍԴ նախագահ է: Չե՞ք կարծում, որ այդպիսով խախտվում է մեր իրավունքը՝ օբյեկտիվ դատաքննություն ստանալու, եթե մենք վիճարկենք հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում»: Օմբուդսմենը պաշտոնապես հայտարարեց՝ իր զեկույցում նշված 180 խնդիրների մեծ մասը լուծման քաղաքական կամք են պահանջում, դրա համար չլուծված են մնում. «Թյուր կարծիք է ձեւավորվում, որ ես գալիս եմ ԱԺ՝ պատասխան տալու երկրում եղած մարդու իրավունքների բոլոր խախտումների համար: Ես ընդամենը նշում եմ, թե ինչ խնդիր կա ու ուզում եմ լուծման եղանակներ գտնել: Օմբուդսմենից ակնկալիքները պետք է ոչ թե նվազեցնել, այլ ողջամտորեն սահմանափակել, որ ավելորդ հիասթափություններ չառաջանան»: Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի վերաբերյալ հարցին, ապա Կարեն Անդրեասյանը նշեց, որ այս պահին ՍԴ-ում վեճ չկա. «Եթե դա լինի ու լինեն շահերի բախում, կա դատավորի ինքնաբացարկի ինստիտուտ: Թե ինչպես դրանք կկիրառվեն, դրա մասին կարող եք կարդալ մեր առանձին զեկույցի կամ հայտարարության մեջ, որը կգնահատի հանրաքվեի արդյունքները»: