Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ժողովուրդը որոշել է, որ պետք է կործանվի, դա իր գործն է»

Քաղաքականություն
Diana-nkar-Shirinyan

Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է ժողովրդից: Քաղաքագետը «Ա1+»-ի հետ զրույցում այդ կապակցությամբ զավեշտով շեշտում է. «Ժողովուրդը խելագարված սպասում է պառլամենտական հանրապետության անցնելու ձևին, բոլորը պատրաստ են դրան, ընդդիմությունը՝ ևս: Ընդդիմությունը՝ ԲՀԿ-ի հետ միասին, որը ֆիզիկապես հայհոյում էր իշխանություններին, հիմա պապանձված լծվել է գործի: Նրանք մտածում են,որպեսզի մնան քաղաքականության մեջ, թող Սահմանադրությունը փոխվի, հերն էլ անիծած, իսկ մնացյալ ուժերն ինչքանով կկարողանան ժողովրդին մոբիլիզացնել՝ ժամանակը ցույց կտա»: Ըստ քաղաքագետի՝ հասարակությունը սպասվող գործընթացի վերաբերյալ իր կարծիքը կսկսի արտահայտել դեկտեմբերի 5-ից,իսկ որ ժողովուրդը ոտքի կկանգնի ընդդեմ այդ փոփոխությունների՝ քաղաքագետը կասկած չունի: «Ինքնիշխանը, սուվերենը ժողովուրդն է և ժողովրդի կամքն է գերագույն կամքը: Եթե ոտքի կանգնեն, ապա իշխանությունը ոչ մի բան էլ չի կարողանա անել,միայն թե այդ ժողովուրդը պետք է հասկանա, գիտակցի իր շահը: Եթե ժողովուրդն այս օրերին որոշ մարդկանց չթողեց մտնել իրենց շարքերը,ապա որոշել են կարգին պայքարել»,-ասաց նա: Մեր այն հարցին, թե ներքին և արտաքին մարտահրավերները հաշվի առնելով՝ Հայաստանի համար որքանո՞վ է ընդունելի առաջարկվող խորհրդարանական կառավարման մոդելը, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը քվեարկեց, ապա ընդունելի է , աշխարհի բոլորը երկրներում էլ այդպես է: Հիմա, պարզապես, խնդիրը կայանում է նրանում, որ հանրաքվեն կայանա: Ժողովուրդը պետք է գնա քվեատուփի մոտ, եթե որոշել է , որ պետք է կործանվի, դա իր գործն է, ժողովրդի քվեարկությունից հետո բազար չի արվում»: Անդրադառնալով նաև Հայաստան- ԵՄ բանակցությունների նոր փուլին, թե ինչ հեռանկարներ է դա բացում Հայաստանի համար, Լևոն Շիրինյանը նշեց. «Շատ լավ հեռանկարներ է բացում, եթե մենք գիտակցենք այն, որ մի քանի օր առաջ Եվրոպան մեզ հերթական անգամ գցեց՝ Փերինչեքի դատը թուրքի հաղթանակը չի: Եվրոպան «նադայել» է եղել Հայկական հարցից՝ տեսնելով, որ համարյա բոլորը քրեականացնում են Հայոց ցեղասպանության հարցը, նա չուզեց թուրքին պատժել և այդ կերպ հարցը փակեց: Դա այն մութ շերտն է, որի մասին Եվրոպան չի խոսում: Մենք այսքանը հասկանալով՝ Եվրոպայի մասին պատրանքները պետք է դնենք մի կողմ»: