«Իսլամական պետությունը» ՀՀ-ին ուղղակի վտանգ չի սպառնում. արաբագետ
Ինչո՞ւ հենց հիմա ՌԴ-ն որոշեց ներգրավվել սիրիական հակամարտությանը ու ի՞նչ փոխեց նրա ներգրավվածությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր արաբագետ Արմեն Պետրոսյանը դա պայմանավորեց երկու գործոնով՝ ներսիրիական եւ արտասիրիական. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաշար Ասադը զիջել է իր դիրքերը: Դա մտահոգել է նրա դաշնակից ՌԴ-ին, քանի որ ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծման շեմին է, ու Կրեմլի դիրքերն այնքան էլ ուժեղ չեն այստեղ: Սեփական հանրության ու դրսի ուժերի հնարավոր անդրադարձը մեղմելու կամ շրջանցելու համար ՌԴ-ն միանգամից մտավ Սիրիա»: Ըստ արաբագետի՝ ՌԴ-ի ներգրավվածությունը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում. «ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ ներգրավվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար: Այստեղ կարեւոր է նաեւ սիրիահայերի խնդիրը, որոնց հիմնական մասը շարունակում է բնակվել Հյուսիսային շրջաններում՝ Լաթաքիայի հյուսիսում, Հալեպում, որտեղ իրավիճակը թեժ է: Պետք է քաղաքական որեւէ ձեւաչափ ձեւավորվի, որպեսզի բոլոր ուժերը ընդհանուր հայտարարի գան՝ հակամարտության հանգուցալուծման համար: Զարգացումները շատ մշուշված են ու ամեն ինչ կախված է իրավիճակային զարգացումներից»: Պարոն Պետրոսյանի խոսքերով՝ «Իսլամական պետություն» կազմավորումը հակամարտության գոտում մինչեւ ՌԴ ներգրավվածությունն արդեն պատերազմ էր հայտարարել մեր տարածաշրջանին: Իսկ որքանո՞վ է ՀՀ-ն վտանգված այդ կոնտեքստում: Արաբագետի վստահեցմամբ՝ ՀՀ-ն ուղղակի վտանգ չի սպառնում, քանի որ ԻՊ-ն իրենց գործողությունները կարող է իրականացնել միայն իր շարքերում գործող մուսուլման համակիրների միջոցով. «Իսկ ՀՀ-ում չկա մուսուլման բնակչություն, կամ հակառակը՝ հայեր իսլամական զինյալների շարքերում չկան: Բացի այդ, ՌԴ-ն եւս իր երկրի տարածքում բարձրացնում է անվտանգության միջոցառումները՝ կանխարգելիչ քայլեր անելով Դաղստանում, Չեչնիայում»: Արդյոք այդ ֆոնին միտումնավո՞ր էր թուրքական մարտական երկու ուղղաթիռի՝ ՀՀ սահմանի հատման դեպքը, Արմեն Պետրոսյանը չի ժխտում, որ գուցե քաղաքական առումով Թուրքիան փորձի ի հակակշիռ ՌԴ գործողությունների որոշակի քայլեր իրականացնել այն շրջաններում, որտեղ ամուր են ՌԴ դիրքերը կամ համարվում են ՌԴ ազդեցության գոտի. «Սակայն չեմ կարծում, որ թուրքական այդ ուղղաթիռների՝ ՀՀ սահմանը հատելը, նպատակ ունի հրահրել ինչ-որ գործողություններ: Ես ավելի հակված եմ հավատալ պաշտոնական Անկարայի պատճառաբանությանը, որ դա պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով»: