Սահմանադրության վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեսիջները՝ 2008 թվականից
Նախագահ դառնալու օրվանից Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ի առիթով հրապարակել է շնորհավորական 8 ուղերձ։ Առաջին 6-ում ոչ մի խոսք չկա այն մասին, որ մեր Սահմանադրությունը փոքր-ինչ բարեփոխման կարիք ունի։ Առաջին անգամ նա այդ մասին խոսում է 2014-ի շնորհավորական ուղերձում, որում գործող Սահմանադրության մասին նշում է, որ «երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները»։ Հրապարակում ենք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Սահմանադրության օրվա 8 շնորհավորական ուղերձների առավել բովանդակային եւ ոչ արարողակարգային հատվածները։ Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն Սահմանադրության եւ օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված (2008) Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներն անկյունաքարային նշանակություն ունեն, որոնք կյանքի կոչելը մեր ողջ պետական քաղաքականության, իրավաստեղծ գործունեության և հասարակության գերագույն խնդիրը պետք է լինի: Այս ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական հիմնարար արժեքները դարձնել ապրող իրողություն և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն (2009): Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրության մեջ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ մենք կարողացել ենք ամբողջովին կյանքի կոչել. հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ճանապարհին մեզ լուրջ անելիքներ են սպասվում: Բայց ակնհայտ է ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, իրավունքի մեր ազգային համակարգի հիմքը, գործում է: Եւ գործում է արդյունավետորեն (2010): Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն և հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլև կյանքի նորմ (2011): Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին (2012): Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց: Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ (2013) Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները: Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից (2014): 1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում։Դրա հետ մեկտեղ, հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում: Դրանք պետք է մոտեցնեն այն հանգրվանը, երբ հնարավոր կլինի վերջնականապես արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ: Կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր: Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով (2015): 2007-ի հուլիսի 5-ին վարչապետի պաշտոնում նույնպես Սերժ Սարգսյանը շնորհավորական մեկ ուղերձ է հրապարակել, որտեղ կան այսպիսի տողեր. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հայոց անկախ պետականության իրավական, քաղաքական, գաղափարական այն հիմնարար փաստաթուղթն է, որը դարձավ բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմք` կանխորոշելով մեր պետության ընթացքն ու զարգացման ուղին: Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում բարեփոխված Սահմանադրությունը եւս, հիմնված լինելով հայոց պետականության հիմնարար սկզբունքների եւ համազգային նպատակների վրա, մեր պետության զարգացմանը եւ ժամանակի նոր պահանջներին համընթաց, նոր խնդիրներ է առաջադրում եւ ավելի մեծ հնարավորություններ ընձեռում մեր համազգային նպատակների իրագործման, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայոց պետականության կայացման, ամրապնդման ու զարգացման, ժողովրդի ընդհանուր բարեկեցության ապահովման համար: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ օրենսդրության մեջ զգալի փոփոխություններ են արվում, որոնք միտված են ոչ միայն իրավական նոր ինստիտուտների կայացմանը, այլեւ մեր երկրում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանն ու կյանքի նոր որակի ապահովմանը»։