Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Սաղաթելյանը կգնա մինչև պաշտոնի վերականգնում (տեսանյութ)

Քաղաքականություն
nkarrob

Հայաստանի Հանրապետությունը 4900 եվրո գումար կվճարի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանին, ում լիազորությունները 2004 թվականին դադարեցվել են ՀՀ նախագահի հրամանագրով: Եվրադատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է անձի արդար դատաքննության իրավունքը: «Իմ ազատման հարցը ոչ մի դատարան չի լսել և ես ստիպված եմ եղել դիմել Եվրոպական դատարան: Ներպետական ատյանները պատճառաբանել են, որ ընդհանուր իրավասության դատարանների լսման խնդիրը չէ նախագահի հրամանագիրը, որը կարող է վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում, իսկ 2005-2006 թվականներին անձը չէր կարող դիմել ՍԴ»,- ասում է Անահիտ Սաղաթելյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավորին աշխատանքից ազատելու համար Ռոբերտ Քոչարյանը հիմնվել է այն հանգամանքի վրա, որ նա նախկինում երեք անգամ ենթարկված է եղել կարգապահական տույժի: «Եթե նույնիսկ դրանք հիմնավոր են եղել, ապա միջնորդությունը ներկայացնելու պահին դրանք եղել են մարված: Այսինքն՝ ես համարվել եմ տույժ չունեցող»: Այժմ փաստաբանական գործունեություն ծավալող Անահիտ Սաղաթելյանը խոսում է դատավոր եղած ժամանակ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ «Հակասություններ ունեցել եմ մարզի այն ժամանակվա դատախազության հետ, երբ չեմ ցանկացել լինել նրանց կամակատարը»,- նշում է նախկին դատավորը: Ըստ նրա՝ Եվրադատարանի այս վճիռը կարևոր է, քանի որ դա իրեն հնարավորություն է  տալիս գործը վերաբացել ներպետական ատյանում: Անահիտ Սաղաթելյանի վերջնական նպատակն է հասնել նրան, որ իրեն դատավորի պաշտոնից ազատումը չեղյալ համարվի: