Պատերազմ չեն գնա Շարմազանովի նմանների երեխաները, իսկ մեր տղաները կգնան. ազատամարտիկ (տեսանյութ)
Ազատամարտիկներին եւ զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հարցը Հայաստանում մնում է չլուծված. համոզված է ազատամարտի եւ զորացրված զինծառայողների պաշտպանության հասարակական միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը. «Անցած տարի Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 3 միլիոն դրամ է տրամադրվելու զորացրված զինծառայողներին բնակարանով ապահովելու համար։ Բնակարաններ չեղան։ Ո՞ւր կորավ այդ գումարը»։ Չլուծված է մնում նաեւ ազատամարտիկների ու զորացրված զինծառայողների թոշակի հարցը։ Ազատամարտիկը հիշեցնում է, որ անցած տարի ԱԺ ում ընդունված օրենքը, որը, ըստ նրա, հաշվի չի առնվում. «Ըստ օրենքի՝ 1989 թվականից սկսած, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարդիկ համարվում են ազատամարտիկ, իսկ նրանց ծառայած մեկ ամիսը հաշվվում է 3 ամսվա ստաժ։ Սա նշանակում է, որ թոշակի բարձրացում պետք է լիներ»,- ասում է ազատամարտիկն ու հավելում, որ պատկան մարմինները դա հաշվի չեն առնում. «Նրանք կամ օրենքները չգիտեն, կամ անբարոյական են վերաբերվում հարցին»։ Թե որքան ազատամարտիկ այսօր ունի բնակարանային խնդիր, պարոն Ռուշանյանը չգիտի, բայց դրա փոխարեն մեկ այլ տվյալ է նշում. «Պատերազմին մասնակցել է 25,000 մարդ, բայց հիմա վետերաների թիվն այնքան շատ է, Աստված հեռու պահի։ Բայց ես չեմ զարմանում , եթե Տարոն Մարգարյանին են տալիս մեդալ, էլ ի՞նչ ասեմ։ «Ազատամարտիկ» սուրբ բառը, ցեխոտել են»։ «Ա1+»-ի ճշտմանը, թե նկատի ունեք, որ ա՞յլ մարդիկ են ազատամարտիկի անվան տակ օգտվում արտոնություններից, Ռազմիկ Ռուշանյանը պատասխանեց. «Այո, ես ի սկզբանե հենց դա էլ նկատի ունեի»։ Պարոն Ռուշանյանը հավաստիացրեց նաեւ, որ անհրաժեշտության դեպքում միայն իրական ազատամարտիկները կմեկնեն կռվի դաշտ. «Չեն գնա Շարմազանովի նմաններն ու նրանց երեխաները, իսկ մեր տղաները կգնան»։