ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԺԳՈՀ ՉԵՆ, ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի արվեստագետներ Վանուշ Խանամիրյանը, Լաերտ Մովսիսյանը, Տիգրան Հեքեքյանը, Էմմա Պետրոսյանը, Արամոն, որոնք հունվարի 22-ին մասնակցել էին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացման արարողությանն, այսօր հրավիրված ասուլիսում որոշել էին իրենց դժգոհությունը հայտնել զանգվածային լրատվամիջոցների լուսաբանման աշխատանքից: Նրանք հերքեցին վերջին մեկ շաբաթում շահարկվող այն լուրերը, թե իբր մասնակիցները օդանավակայանում մեկ օր սոված-ծարավ մնալուց հետո դժգոհ են վերադարձել տուն:
Հեքեքյանի հավաստմամբ երեխաները սոված չեն մնացել. հյուրանոցում նա պատվիրել էր օրը երեք անգամ սնունդ տալ, նաեւ այցելել են տարբեր ռեստորանային համալիրներ, որտեղից երեխաները նույնիսկ իրենց հետ ուտելիք էին վերցրել օդանավակայան: Այս ամենին գումարած նաեւ Արամոյի ծննդյան օրը ոչ միայն լավ «կերուխում» է եղել, այլեւ ամբողջ գիշեր հենց օդանավակայանում են անցկացվել իսկական հայկական մշակութային օրերը` երգ-պար եւ այլն:
Արվեստագետներն այնուամեյանիվ չհերքեցին, որ թերություններ եղել են եւ դա, ըստ նրանց, բնական է նման մեծ համերգային ծրագրերի ժամանակ, բայց լրատվամիջոցների ուշադրությունը ոչ ճիշտ ուղղությամբ է սեւեռվել: Արվեստագետներն ավելի շատ վիրավորվել էին ոչ թե համերգից հետո ստեղծված իրավիճակից, այլ հենց բեմում արդեն իրենց ստորացված էին զգում. ամբողջ համերգը տեղի է ունեցել վատ հնչեղությամբ, ձայնային խոտանով: Էմմա Պետրոսյանը նշեց, որ ինքը, ճիշտ է, վիրավորված է, բայց դեռ ինքն էլ չգիտի ումից: Դժգոհության հիմնական առանցքը ռուսական կողմի կազմակերպչական մասից էր եւ հատկապես ձայնային ռեժիսորից, որը բավականին կոպիտ է եղել մեր երգիչների նկատմամբ. «Ամբողջ համերգային ծրագիրը կենդանի կատարումներ են եղել, իսկ նա ինձ ասում է` ինչ խնդիր ունես, միեւնույն է ֆոնոգրամայի տակ ես երգելու»,- ասում է Էմմա Պետրոսյանը: Արամոն էլ ավելացրեց, որ. «Անընդհատ սովից եք խոսում, բայց անտեսում եք արտիստների նկատմամաբ վերաբերմուքը: Նույն այդ անհասկանալի ռեժիսորին` Մարինային, հարցնում եմ, թե երբ պետք է բեմ բարձրանալ, նա ասում է` ինձ մի խանգարեք, ոնց ուզում եք դուրս եկեք»: Ֆլորա Մարտիրոսյանի կատարման ժամանակ հայտնված ակրոբատներից ընդհանրապես տեղեկացված չեն եղել: Այդ մտահղացումը չի եղել հայկական կողմի ռեժիսուրական պլանում:
Ըստ արվեստագետների, իրենք իրենց կողմից ամեն ինչ արել էին պատշաճ ներկայանալու համար: Ամբողջ խառնաշփոթը սկսվել էր այստեղից մեկնելու ժամանակ օդանավակայանում, երբ հետաձգվել էին թռիչքները, որի պատճառով ուշ էին հասել տեղ եւ փորձ գրեթե չէր եղել. «Գուցե կազմակերպիչները գումարային խնդիրներ ունեին, որ ավելի վաղ չկարողացանք մեկնել Ռուսաստան: Այդ օրերին նաեւ «Կրեմլյովսկայա» համերգասրահում տեղի էին ունենում Բորիս Մայիսեւի համերգային փորձերը: Ես բազմիցս դիմել էի, բայց հնարավոր չէր ավելի շուտ մեկնել ու այնտեղ փորձերն անցկացնել»,- նշեց Տիգրան Հեքեքյանը:
Արվեստագետները դժգոհեցին կադրային սխալ քաղաքականությունից, որի արդյունքում սխալ ղեկավար էր ընտրվել, որ գրեթե ամեն ինչից անտեղյակ էր, եւ մինչեւ վերջին պահն էլ մասնակիցների ցուցակներում անճշտությունները շատ էին. «Այսքան տարի հյուրախաղերի էինք մեկնում, բայց դեռ չէր եղել մի դեպք, որ իմ խումբը մաս-մաս տանեին»,- ավելացրեց Տիգրան Հեքեքյանը:
Իսկ Վանուշ Խանամիրյանն ու Լաերտ Մովսիսյանը, ով նաեւ Հայաստանյան կողմի ռեժիսորն էր, անչափ գոհ էին արարողությունից եւ կոչ էին անում գնահատել ըստ արժանվույն, այլ ոչ անհարկի անընդհատ ձաղկել: «Մենք թշնամի՞ ենք, ինչ է, որ այդպես քննադատում եք: Եթե քննադատում էլ եք, քննադատեք տեղին»,- խորհուրդ տվեց Լաերտ Մովսիսյանը: