ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀԱԿՈԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Ջիբլարթարում ընթացող շախմատաի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հաղթեց առաջատար Պետեր Ուելսին եւ միավորների քանակը հասցրեց 5.5-ի:
Այժմ Վլադիմիր Հակոբյանը եւս 4 շախմատիստների հետ բաժանում է 2-րդ տեղը եւ ընդամենը կես միավորով զիջում է առաջատար Կիրիլ Գեորգիեւին: Ի դեպ 8-րդ տուրում Հակոբյանը մրցելու է հենց Գեորգիեւի հետ:
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԽԻՄԿԻ»-ում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վարձավճարով կխաղա Խիմկի քաղաքի համանուն թիմում, որը հանդես է գալիս Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջնությունում: Հիշեցնենք, որ Բերեզովսկու տրանսֆերը պատկանում է Մոսկվայի «Դինամո»-ին: «Խիմկի»-ն ներկայումս նախապատրաստվում է առաջիկայում մեկնարկելիք առաջնությանը եւ իր կազմը ուժեղացնում է մի շարք փորձառու ֆուտբոլիստներով:
ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ
ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 52 երկրներն, այդ թվում Հայաստանը, իրենց աջակցությունն են հայտնել եվրոպական ֆուտբոլային միությանը եւ ՖԻՖԱ-ին` հայտարարելով, որ պատրաստ են պաշտպանել այն օրենքը, որի համաձայն ակումբները պարտավոր են ֆուտբոլիստներին թույլատրել հանդես գալ ազգային հավաքականներում:
Եվրոպական երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պաշտպանել են ազգային հավաքականի շահերը:
Մասնավորապես նշվել է, որ հավաքականների ելույթներից են ֆեդերացիաները ստանում իրենց եկամուտների մեծ մասը, ուստի անհրաժեշտ է, որ հավաքականի թեկնածուները հանդես գան ազգային թիմերի հանդիպումներում:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի երիտասարդական հավաքականում իր աշխատանքը կշարունակի Սամվել Պետրոսյանը, իսկ 19 տարեկանների հետ կաշխատի Արմեն Գյուլբուդաղյանցը:
17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Չիլինգարյանը, իսկ մարզիչ՝ Արմեն Սանամյանը: Վերը նշված հավաքականներն այս տարի ընտրական կարեւոր հանդիպումներ են անցկացնելու:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուբեն Նազարեթյանը:
«Փյունիկ»-ի մարզչական շտաբում ընդգրկված Վարդան Մինասյանը եւ Արթուր Ավագյանը կաշխատեն նաեւ ազգային հավաքականում: Մասնավորապես, Արթուր Ավագյանը նշանակվել է ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ: