Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են
Հայաստանի ֆուտբոլի տարբեր հավաքականները շուտով կսկսեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի հերթական խաղերին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազգային թիմը հոկտեմբերի 5-6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ ահա Հայաստանի երիտասարդական եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները այդ հանդիպումներից առաջ կհանգրվանեն «Ռեժինե» հյուրանոցում, ինչը զարմանալի փաստ է, քանի որ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնը նախատեսված է Հայաստանի բոլոր, այդ թվում ֆուտզալի եւ կանանց հավաքականների համար: Ինչեւէ, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայում կմրցի այդ երկրի ընտրանու հետ, իսկ երեք օր անց սեփական դաշտում կընդունի Ալբանիային: Մեր երիտասարդական ընտրանին նախ հոկտեմբերի 9-ին կհանդիպի Բուլղարիայի հետ, նրա իսկ դաշտում, իսկ հոկտեմբերի 13-ին Երեւանում կհյուրընկալի Լյուքսեմբուրգի այդ տարիքային հավաքականին: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-13-ը Էստոնիայում կմասնակցի Եվրոպայի 2016թ պատանեկան առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարին: Մեր ֆուտբոլիստները հոկտեմբերի 8-ին կմրցեն Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի եւ հոկտեմբերի 13-ին` դաշտ տերերի թիմի հետ: