ՀԻՆ ՄԶԿԻԹԸ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ-Ֆե» թերթի նյութերից
Երեւանի կապույտ մզկիթում շինարարական աշխատանքները կտեւեն եւս երկու ամիս, որից հետո այն այցելուներին կներկայա իր շքեղ տեսքով: Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ արդեն 10 ամիս է մզկիթի տարածքում ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Ռեզա Աթուֆին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենը, նշում է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են, մնում է արտաքին տեսքի հարդարումը:
Մզկիթի պատմությունը հին է, կառուցվել է 1765թ-ին: Երկու հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող ճարտարապետական այս գեղեցիկ կոթողը կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից մեկն է: Ըստ պահպանված փաստաթղթերի՝ Երեւանում եղել է 7-8 մզկիթ, բայց միայն այս մեկն է կանգուն մնացել մինչեւ օրս: Խորհրդային միության տարիներին, ինչպես մյուս հոգեւոր կենտրոնները, այնպես էլ մզկիթը անուշադրության է եղել մատնված: Դեռ ավելին, որոշ ժամանակ այն ծառայել է որպես պահեստ: Մզկիթի պատմության համար նոր փուլ սկսվեց 1995թ-ին, երբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ մզկիթի վերականգնման եւ վերակառուցման եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր ստորագրվեց: 1995-1997թ-ին վերականգնվեցին աղոթասրահը եւ 24 սենյակները, իսկ Հոսեյնիե կոչվող սրահի կառուցումը, որը նախատեսված է ոչ միայն կրոնական ծիսակատարությունների համար, մնացել էր կիսատ :
«Մեր նպատակը մզկիթը իր նախկին տեսքին բերելն է: Աշխատանքը շատ դժվար էր, մենք փորձել ենք վերականգնել 200 տարվա պատմությունը»,- ասում է պարոն Աթուֆին: Նա նշում է, որ այս գործում իրենց օգնել է երեք գործոն: Նախ պահպանվել էին հիմնական կամարները եւ սենյակները, բավական օգտակար էին նաեւ պետական արխիվում պահվող մզկիթի լուսանկարները եւ, վերջապես, Իրանից համապատասխան մասնագետներ հրավիրվեցին Հայաստան: Ծախսված գումարների մասին մշակույթի կենտրոնն առայժմ լռում է, քանի դեռ շինարարությունը ավարտված չէ, դժվար է հստակ ասել , թե որքան է արժեցել այդ աշխատանքը:
«Սա լուրջ եւ պատասխանատու գործ է նաեւ Հայաստանի համար: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է եւ պիտի հպարտանա գեղեցիկ տեսքի բերված այս գոհարով: Իրանը —եւս մեծ հարգանք ունի հայկական մշակութային արժեքների նկատմամբ, դրա վառ ապացույցը վերջին յոթանասուն տարիների ընթացքում վերակառուցված 20 հայկական եկեղեցիներն են »,- ավելացնում է Ռեզա Աթուֆին:
Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ