Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Ջիբլարթարում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Վլադիմիր Հակոբյանը: Մեկնարկային տուրում Հակոբյանը սեւերով պարտության մատնեց վարկանիշով իրենից բավականին ցածր շախմատիստ Պոնտուս Կարլսոնին:

Մրցաշարում հանդես են գալիս մի քանի ճանաչված շախմատիստներ, ինչպիսիք են անգլիացի Նայջըլ Շորթը, Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, ռուս Վիկտոր Կորչնոյը եւ այլոք:

Ի դեպ, Վլադիմիր Հակոբյանը վարկանիշով 2-րդն է մրցաշարում: 2-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը կլինի Մարտին Արիզմենտին:

ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանն օրերս կտեղափոխվի շոտլանդական «Հարթս» ակումբ, որը այդ երկրի լավագույն թիմերից մեկն է: Մխիթարյանը ներկայումս հանդես է գալիս բելառուսական «ՄՏԶ Ռիպո» թիմում, որի առաջատարն էր համարվում, իսկ 2005թ. Բելառուսում ճանաչվեց լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ:

Համլետը «Հարթս» պետք է տեղափոխվեր դեռեւս անցած տարի, սակայն տարբեր պատճառներով նրա տեղափոխումը հետաձգվեց:

ԳԱԼՈՒՍՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ «ԶԱԿԱՐՊԱՏՅԵՈՒՄ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական «Զակարպատյե» թիմում: Վերջինս ներկայումս եզրափակում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ թիմի ղեկավարները մտադիր են ուժեղացնել ակումբի կազմը 2-րդ շրջանի մեկնարկից առաջ:

Գալուստի տրանսֆերը պատկանում է մոլդովական «Զիբրու» ակումբին, որտեղ նա տեղափոխվել էր Երեւանի «Փյունիկից»: