ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ
Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Մամեդյարովին: Մինչ այդ 7-րդ տուրում Արոնյանը պարտվել էր վարկանիշով իրենից բավական ցածր՝ հոլանդացի Լուկ վան Վելիին:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Վեսելին Թոփալովը եւ Վիշվանաթան Անանդը: Արոնյանը 4 միավորով գտնվում է 7-9-րդ տեղերում: Այսօր Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Տիվյակովը:
ՀԱՂԹԵՑ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՆ»
Շախմատի Հայաստանի ակումբային 2-րդ առաջնության հաղթող դարձավ «Բանկային արքա» թիմը, որի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:
Անցկացրած 5 խաղում «Բանկային արքա»-ն վաստակեց 21 միավոր: 2-րդ տեղը գրավեց Շախմատային ակադեմիան, որը վաստակեց 18 միավոր: Կես միավոր քիչ վաստակեց 3-րդ տեղը գրաված ՖԻՄԱ-ն:
«ՆԵՎՖԹՉԻ»-ն ՀԱՂԹԵՑ ԱՊՀ-Ի ԳԱՎԱԹՈՒՄ
Մոսկվայում ավարտվեց ֆուտբոլի ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկությունը, որի եզրափակիչում «Նեւֆթչին» 4:2 հաշվով հաղթեց «Կաունասին»:
Մասնագետների կարծիքով «Նեւֆթչի»-ի հաղթանակին մեծապես նպաստեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը, որը հրաժարվելով կիսաեզրափակիչ հանդիպումից, հնարավորություն տվեց «Նեւֆթչի»-ին լրացուցիչ 2 օր հանգստանալ եւ ինչպես հարկն է պատրաստվել եզրափակիչին:
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԼՈՒՉ»-ում
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսիսյանը եկող մրցաշրջանում հանդես կգա ռուսական «Լուչ» ֆուտբոլային ակումբում: Հայ ֆուտբոլիստը 2005թ. դեկտեմբերից փորձաշրջան է անցնում այս թիմում, որի ղեկավարները հավանել են Մովիսիյանի խաղը: «Լուչ»-ի մարզիչ Պավլովը նշել է, որ Անդրեյը անպայման կմնա թիմում, քանի որ իր խաղամակարդակով համապատասխանում է «Լուչ»-ին:
«Լուչ»-ը 2006թ. կմասնակցի Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնությանը: