Քոչարը՝ Հայաստանում, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում (տեսանյութ)
«Ձեզ եմ ուղղում իմ խոսքը, սիրելի երիտասարդներ...Դուք եք աղը երկրի ու հայ ժողովրդի դարավոր իղձերի և գեղեցիկ ու պայծառ ապագայի հուսո երաշխիքը։ Առողջ և հուժկու եղեք, մտածեք, որ ոչ մի ճիչ չի կորչում,ամեն ինչ իր տեղն է գնում և արդարացնում մեր երազները…»։ Երվանդ Քոչարի այս խոսքերը, ինչպես նրա կտավներն ու քանդակները, թեև ստեղծվել են 20-րդ դարում, սակայն արտացոլում են դարեր ու անցնում առաջ: Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար.Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը։ Ներկայացված են փարիզյան և երևանյան շրջանի գեղանկար, գրաֆիկա, քանդակ, տարածական կտավներ: Ծնվել է Թիֆլիսում, ավարտել Ներսիսյան դպրոցը նկարել սկսել է 6 տարեկանից և դպրոցական նստարանին հրաժեշտ տալու պահին արդեն անհատական ցուցահանդեսով էր ներկայացել, որն ուղիներ բացեց դեպի Մոսկվա, Փարիզ, Վենետիկ... Նրա անունը հնչեց 20-րդ դարի նկարչական արվեստի մեծությունների՝ Շագալի, Կանդինսկու, Պիկասոյի կողքին։ Տարածական նկարչությունից մինչ Երևանի խորհրդանիշը դարձած «Սասունցի Դավիթ»: Նրա մասին Չարենցն ասում էր՝«Քոչարը Հայաստանում կբարձրանա այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը Փարիզում»։ Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։