Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻՆ» ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴՄԻՇՏ ՈՐԱԿԱԶՐԿԵԼ

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» քիչ առաջ ժամանեց Երեւան: Թիմի ներկայացուցիչները առայժմ չեն ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ «Նեւֆթչիի» հետ խաղից հրաժարվելու մասին: Հայտնի դարձավ միայն, որ ակումբի ղեկավարությունը այսօր ժամը 18:00-ին պարզաբանումներ կտա մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինչդեռ ռուսական լրատվամիջոցները արդեն ողողված են «Փյունիկ» - «Նեւֆթչի» հանդիպմանը վերբերվող տեղեկություններով: «Փյունիկի» փոխնախագահ Կարեն Հարությունյանը «Սովետսկի Սպորտի» թղթակցին ասել է հետեւյալը. «Մենք կազմակերպիչներից գրավոր պահանջել ենք մեզ երաշխավորել ֆուտբոլիստների եւ երկրպագուների անվտանգությունը: Անցած տարի քառորդ եզրափակիչ մեր հանդիպումից հետո տեղի ունեցավ ծեծկռտուք խաղացողների միջեւ, տեղի ունեցան միջադեպեր նաեւ երկրպագուների միջեւ: Կարծում եմ հինգշաբթի ամեն ինչ պարզ կլինի»:

Իսկ ահա Ռուսաստանի Ֆուտբոլի Միությունը տարածել մի հաղորդագրություն, որում ասված է. «Տեղյակ լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի դժվար եւ չլուծված խնդիրների մասին, ՌՖՄ-ն եւ «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեն հայկական ակումբին գրավոր կերպով ներկայացրել է երաշիքներ խաղացողների, ակումբի ներկայացուցիչների եւ 2 ակումբների երկրպագուների համար: Կամակերպիչները պատրաստ էին նաեւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անվտանգության համար: Ցավոք սրտի, «Փյունիկի» ղեկավարությունը չլսելով կազմակերպիչների հորդորները, մարզական խնդիրը վերածեց քաղաքականի»: ՌՖՄ-ն եւս մեկ հաղորդագրություն է տարածել, որում ցավում է «Փյունիկի» կայացարծ որոշման համար. «Նման քայլերը չեն գեղեցկացնում ֆուտբոլը, որը կոչ է անում մարզիկներին համախմբվել, այլ ոչ թե մասնատվել: Իր որոշումով «Փյունիկը» հիասթափեցրեց հազարավոր երկրպագուների, որոնք այցելել են թիմերի ելույթներին ամբողջ մրցաշարի ընթացքում, ինչպես նաեւ հեռուստադիտողներին, որոնք կարող էին ականատես լինել կիսաեզրափակիչ հանդիպմանը «Սպորտ - Պլանետա» հեռուստաալիքով»:

«Փյունիկին» արդեն տեխնիկական պարտություն է գրանցվել «Նեւֆթչիից» 0:3 հաշվով: Բացի այդ հնարավոր է, որ հայկական ակումբի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. քանի որ «Համագործակցության գավաթի» խաղարկությունը միջազգային մրցաշար է եւ հանդես է գալիս ՖԻՖԱ-ի հովանու ներքո: ՌՖՄ-ն արդեն իսկ տեղեկացրել է նաեւ, որ հետագայում հարցականի տակ է «Փյունիկի» մասնակցությունը «Համագործակցության գավաթի խաղարկություններում»: Բացառված չէ, որ «Փյունիկին» ընդհանրապես որակազրկեն այս մրցաշարից:

Ի դեպ Ռուսատասնի Ֆուտբոլի Միության նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկանալով «Փյունիկի» որոշման մասին, խնդրել է կիսաեզրափակիչում «Նեւֆթչիի» դեմ հանդես գալ Դոնեցկի «Շախտյորին», որին «Փյունիկը» հաղթել էր քառորդ եզրափակիչում: Սակայն ուկրինական ակումբի ղեկարները հրաժարվել են նշելով, որ իրենք միայն արդար պայքարում են փորձում հաջողությունների հասնել: